Ի՞նչ է արդար դատաքննության իրավունքը
Արդար դատաքննության իրավունքը երաշխավորում է դատարանի կողմից արդար դատավարություն։ Արդար դատաքննությունը նշանակում է, որ դատարանը հետևում է ընթացակարգային բոլոր կանոններին և բոլոր կողմերին վերաբերվում է հավասար, որպեսզի դատավարությունն ինքնին լինի արդար և արդյունավետ՝ անկախ դատավճռից կամ արդյունքից։
Արդար դատաքննության իրավունքը ներառում է ինչպես դատարանի կազմին ներկայացվող պահանջները, այնպես էլ դատավարության ընթացքում կիրառվող ընթացակարգային երաշխիքները։
Այս իրավունքը տարածվում է տարբեր դատավարությունների վրա՝ քրեական, քաղաքացիական և վարչական։
Դատարանին ներկայացվող պահանջներ
Արդար դատաքննության իրավունքը պահանջում է, որ դատարանը ստեղծված լինի օրենքով, իսկ դատավորները լինեն անկախ և անաչառ։ «Օրենքով ստեղծված» նշանակում է, որ գոյություն ունի օրենք, որն ամրագրում է դատարանի իրավասությունը, կառուցվածքը, գործառույթները և այն ընթացակարգերը, որոնցով այն քննության է առնում գործերը։ «Դատավորների անկախություն» նշանակում է, որ դատավորները ղեկավարվում են միայն օրենքով և անկախ են որևէ արտաքին ազդեցությունից։ «Անաչառություն» նշանակում է, որ դատավորները չեն կարող անձնական հետաքրքրվածություն ունենալ գործի ելքով, կամ հանդես գալ կողմնակալ կամ կանխակալ վերաբերմունքով։
Ընթացակարգային երաշխիքներ
Արդար դատաքննության իրավունքը ներառում է մի շարք կարևոր ընթացակարգային երաշխիքներ, որոնք ապահովում են դատավարության արդարությունը։ Այս երաշխիքները կիրառվում են բոլոր տեսակի դատավարություններում․
- հրապարակային դատական նիստ
- գործի քննություն ողջամիտ ժամկետում
- կողմերի հավասարություն (equality of arms)
- իրավաբանի օգնության հասանելիություն կամ ինքնուրույն պաշտպանվելու հնարավորություն
- հիմնավորված դատական ակտ (հիմնավորված որոշում)
Քրեական դատավարության շրջանակում այս իրավունքը ենթադրում է, որ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով։
Բացի վերոնշյալից, քրեական գործով մեղադրյալը ունի հետևյալ նվազագույն երաշխիքները․
- տեղեկանալ մեղադրանքի էությանը և պատճառներին
- ներկայանալ դատական նիստին
- ունենալ բավարար ժամանակ և պայմաններ պաշտպանության նախապատրաստման համար
- պաշտպանություն ինքնախոստովանությանը հարկադրելու դեմ
- հարցաքննել վկաներին կամ պահանջել նրանց հարցաքննությունը
- օգտվել թարմանչի անվճար օգնությունից՝ անհրաժեշտության դեպքում
Ո՞վ է պաշտպանում այս իրավունքը
Պետությունը մարդու իրավունքների հիմնական երաշխավորն է և պարտավոր է ապահովել, որ յուրաքանչյուր ոք ունենա հասանելիություն օրենքով ստեղծված, անկախ և անաչառ դատարաններին, որոնք գործերն ուսումնասիրում են համապատասխան ընթացակարգային երաշխիքներով։
Եթե որևէ անձի իրավունքները խախտվում են, պետությունն կարող է կրել պատասխանատվություն և պարտավոր է տրամադրել փոխհատուցում։
Միևնույն ժամանակ, դատավարությունը կարող է լինել արդար և արդյունավետ միայն այն դեպքում, երբ նրա մասնակիցները ևս կատարում են իրենց պարտականությունները, օրինակ՝ ներկայանում են դատական նիստին, պահպանում են ընթացակարգային ժամկետները։
Միջազգային ճանաչում
Արդար դատաքննության իրավունքը պաշտպանող նորմերը ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային համայնքը նպատակ ուներ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար հաստատել ընդհանուր չափանիշներ։
1948 թ․ ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի 10-րդ հոդվածը սահմանում է․
Մարդը լիակատար հավասարության պայմաններում իրավունք ունի արդար և հրապարակային դատաքննության՝ անկախ և անաչառ դատարանի կողմից։
Հետագայում այս իրավունքը ամրագրվեց միջազգային և տարածաշրջանային մարդու իրավունքների բոլոր հիմնական կոնվենցիաներում։