Ի՞նչ է արդյունավետ պաշտպանությունը
«Պաշտպանություն» (remedy) նշանակում է մարդու իրավունքների խախտման դեպքում իրավական ճանապարհով խնդրի լուծման կամ վերականգնման միջոց։ Այլ կերպ՝ այն օգնությունն է, որը կարող է ստանալ այն անձը, ում իրավունքները խախտվել են։
Արդյունավետ պաշտպանությունը պետք է լինի բավարար, հասանելի և իրականացվի ողջամիտ ժամկետում։
Լիարժեք և արդյունավետ քննություն, վնասի հատուցում, մարդու իրավունքները խախտող իրավական ակտի ուժը կորցրած ճանաչում, կամ իրավախախտների նկատմամբ նշանակված պատիժ՝ սրանք բոլորը կարող են հանդիսանալ արդյունավետ պաշտպանության օրինակներ։
ծանոթություն Արդյունավետ պաշտպանությունների փակ ցանկ գոյություն չունի․ յուրաքանչյուր գործի հանգամանքները տարբեր են։ Կարևորը՝ խախտումից տուժած անձը ստանա բավարար վերականգնում։
Ով է պաշտպանում այս իրավունքը?
Քանի որ պետությունն է մարդու իրավունքների հիմնական երաշխավորը, ապա ներպետական իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ անձինք, որոնց իրավունքները չեն հարգվել, կարողանան դիմել պետական մարմիններին կամ դատարաններին և ստանալ համապատասխան պաշտպանություն։ Այս իրավունքը չեն սահմանում կոնկրետ պաշտպանական միջոցի տեսակ․ պետությունն իրավունք ունի ընտրելու, թե որ ձևն է ամենահամապատասխան վերականգնման միջոցը։
ծանոթություն Արդյունավետ պաշտպանության իրավունքը հաճախ կապված է նյութական հիմնական իրավունքների հետ՝ կյանքի իրավունք, խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք, ազատության և անձնական անմիջականության իրավունք, արդար դատաքննության իրավունք և այլ։
Միջազգային ճանաչում
Արդյունավետ պաշտպանության իրավունքը մարդու իրավունքների լիարժեք իրացման համար առանցքային է։ Չնայած նրան, որ բոլոր խախտումները հնարավոր չէ կանխել, բոլոր խախտումներն անհրաժեշտ է պատշաճ կերպով վերականգնել։
1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը սահմանում է․
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները։
Այս իրավունքն ամրագրված է նաև բոլոր կարևորագույն միջազգային և տարածաշրջանային մարդու իրավունքների փաստաթղթերում։