Ի՞նչ է հավաքների եվ միավորումների ազատությունը։
Հավաքների ազատությունը յուրաքանչյուր անձի իրավունքն է՝ միավորվելու, հավաքվելու և նպատակային, համակարգված գործողություններ իրականացնելու համար։ Հավաքը պարզապես մարդկանց պատահական կուտակում չէ (օրինակ՝ հերթ), այլ՝ համատեղ, կազմակերպված գործողություն, ինչպիսիք են երթերը, բողոքի ցույցերը, հանրահավաքները։ Միավորումների ազատությունը յուրաքանչյուր անձի իրավունքն է՝ միանալու որևէ խմբի կամ կազմակերպության՝ համատեղ նպատակներ իրականացնելուն։ Դա կարող է լինել արհմիություն, մասնագիտական միավորում կամ այլ կազմակերպություն։ Այս ազատությունը ոչ միայն ապահովում է մասնակցելուն վերաբերվող իրավունքը, այլև պաշտպանում է յուրաքանչյուրին պարտադրանքով որևէ միությանը կամ հավաքին միանալուց։
Ի՞նչ սահմանափակումներ կարող են կիրառվել։
Հավաքների և միավորումների ազատությունը վերաբերում է ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հավաքներին՝ անկախ դրանց շարժուն կամ անշարժ լինելուց։ Սակայն դրանց համար կարևոր պայմանը «խաղաղ» բնույթն է։ Բռնի կամ ագրեսիվ հավաքները չեն պաշտպանվում։
Հավաքների և միավորումների ազատությունը բացարձակ իրավունք չէ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանում է երեք պայման, որոնց առկայության դեպքում կարող են սահմանափակումներ կիրառվել․
- Սահմանափակումը պետք է նախատեսված լինի օրենքով։ Պետք է գոյություն ունենա ազգային օրենք, որը թույլ է տալիս տվյալ սահմանափակումը։
-
Սահմանափակումը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում՝
- ազգային անվտանգության կամ հանրային անվտանգության համար
- անկարգությունների կամ հանցագործությունների կանխարգելման համար
- առողջության կամ բարոյականության պաշտպանության համար
- ուրիշների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար
- Սահմանափակումը պետք է լինի համաչափ։
Այսինքն՝ չի կարող լինել ավելի խիստ, քան անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։
Ով է պաշտպանում այս իրավունքը?
Պետությունն է պարտավոր ապահովել հավաքների և միավորումների ազատության պաշտպանությունը՝ բացասական պարտավորություն (պարտավորություն «ինչ֊որ բան» չանել) եվ դրական (պարտավորություն «ինչ֊որ բան» անել):
Բացասական պարտավորությունը ենթադրում է զերծ մնալ հավաքների և միավորումների ազատությանը կամայական միջամտությունից՝ այդպիսով ստեղծելով մի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ազատորեն հավաքվել և միություններ կազմել: Դրական պարտավորությունն է ապահովել այս ազատության պաշտպանությունը: Դրա համար պետությունը պետք է ընդունի համապատասխան օրենքներ, ունենա գործող դատական համակարգ, ձեռնարկի անվտանգության միջոցառումներ՝ հավաքների անվտանգությունն ապահովելու համար և այլն:
Միջազգային ճանաչում
Հավաքների և միավորումների ազատությունը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (1948թ.)՝ Հոդված 20 (1-2), որը սահմանում է.
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների ու միախմբությունների ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող հարկադրվել որևէ միության մեջ մտնելու:
Այս ազատությունը հետագայում ներառվեց մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաներում։ Աշխատանքային միջազգային կազմակերպությունը (ILO) ընդունել է առանձին կոնվենցիա, որը վերաբերում է Միավորվելու ազատության և միավորվելու իրավունքի պաշտպանությանը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդգծել է, որ հավաքների ազատությունը.
կարևոր է ինքնին, քանի որ պաշտպանում է մարդկանց՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը՝ միաժամանակ համերաշխ լինելու ուրիշների հետ։ Այն նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և բազմակարծության վրա հիմնված մասնակցային կառավարման հիմքերից մեկն է։