Ի՞նչ է խոշտանգումը
Խոշտանգում հասկացությունը լայն է և չունի բոլոր համընդհանուր սահմանում:
Ամենապարզ տարբերակով՝ խոշտանգումը ծանր ֆիզիկական կամ հոգեբանական ցավ կամ տառապանք պատճառելն է: Խոշտանգումն դիտավորությամբ իրականացվող գործողություն է․ այն կիրառվում է հիմնականում՝ տեղեկություն կամ խոստովանություն ստանալու, անձին պատժելու, հարկադրելու, նվաստացնելու կամ վախեցնելու նպատակով։
Ի՞նչ է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը
Խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի (ԱՎՌ) միջև տարբերությունը տառապանքի ուժգնության աստիճանն է։ Խոշտանգումը ներառում է ծանրագույն տառապանք է, որն իրականացվում է դիտավորությամբ։ Անմարդկային վերաբերմունքը կամ պատիժը առաջացնում է խոշտանգումից պակաս ինտենսիվ տառապանք, սակայն այն պետք է ունենա նվազագույն ուժգնության աստիճան և պատճառի կամ ֆիզիկական վնաս, կամ ուժեղ հոգեկան տառապանք։ Դիտավորությունն այս դեպքում պարտադիր չէ։ Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը անհատի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող կամ վախ առաջացնող վերաբերմունք է։ Այն ևս կարող է իրականացվել առանց դիտավորության և հաճախ չի առաջացնում ֆիզիկական/մարմնական վնաս։
Ամբողջական և սահմանափակ գործողությունների ցանկ, որոնք կարող են համարվել խոշտանգում կամ ԱՎՌ, չկա․ գնահատումը միշտ կախված է հանգամանքներից՝ տևողությունից, անձի տարիքից, սեռից, առողջական վիճակից, պայմաններից և հետևանքներից։
Ծանոթություն Խոշտանգման արգելքը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ իրականացվում է անձի արտաքսում կամ արտահանձնում այն երկիր, որտեղ նրա իրական վտանգ կա, որ նա ենթարկվելու է խոշտանգման կամ ԱՎՌ-ի։
Կարո՞ղ է խոշտանգումը կամ ԱՎՌ-ն արդարացվել
Խոշտանգումը և ԱՎՌ-ը որևէ պայմաններում չեն կարող արդարացվել․ արգելքը բացարձակ է և բացառություններ չի հանդուրժում։
Ո՛չ հանրային շահը, ո՛չ ուրիշների իրավունքները, ո՛չ էլ անձի գործողությունները, որքան էլ վտանգավոր կամ հանցավոր լինեն, չեն կարող արդարացում դառնալ այս իրավունքի խախտման համար։
Ո՞վ է պաշտպանում այս իրավունքը
Պետությունը հանդիսանում է մարդու իրավունքների հիմնական երաշխավորը և ունի երկու տեսակի պարտավորություն՝ բացասական և դրական։
Բացասական պարտավորությունը ենթադրում է, որ պետությունը պարտավոր է զերծ մնալ մարդու նկատմամբ ցանկացած ձևի վատ վերաբերմունքից․ չպետք է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկի կամ նման մեթոդներ կիրառի։
Դրական պարտավորությունը ենթադրում է, որ պետությունը պարտավոր է, օրինակ, պաշտպանել անձանց վատ վերաբերմունքից՝ ընդունելով համապատասխան օրենսդրություն, ապահովելով ուսուցում, վերահսկողություն, արդյունավետորեն հետաքննել խոշտանգման կամ ԱՎՌ-ի վերաբերյալ ցանկացած պնդում։
Միջազգային ճանաչում
Խոշտանգման և ԱՎՌ-ի արգելող նորմերը ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ միջազգային չափանիշներ սահմանելու նպատակով։
1948 թ․ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածը սահմանում է․
Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի։
Արգելքը ամրագրված է նաև բոլոր միջազգային և տարածաշրջանային մարդու իրավունքների փաստաթղթերում։ 1984 թ․ ՄԱԿ-ը ընդունեց հատուկ փաստաթուղթ, ամբողջությամբ նվիրված խոշտանգման արգելքին՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիա»։