Ի՞նչ է խտրականությունը
Խտրականությունը տեղի է ունենում, երբ անձը նույն իրավիճակում գտնվող այլ անձանց համեմատ ենթարկվում է տարբերակված վերաբերմունքի՝ իր որոշակի հատկանիշի հիմքով, օրինակ՝ ռասայի, էթնիկ պատկանելության, սեռի, լեզվի, կրոնի կամ այլ հատկանիշի պատճառով։
Խտրականությունն արգելված է, քանի որ այն հակասում է հավասար վերաբերմունքի սկզբունքին, որը մարդու իրավունքների իրավունքի հիմնարար սկզբունք է։
Առկա է խտրականության երեք տեսակ
-
Ուղղակի խտրականություն
Տեղի է ունենում, երբ անձը անմիջականորեն է տուժում տարբեր վերաբերմունքից։
-
Անուղղակի խտրականություն
Տեղի է ունենում, երբ օրենքը կամ քաղաքականությունը առաջին հայացքից կարծես կիրառվում է հավասարաբար և ոչ խտրական, սակայն իրականում խտրականություն է ստեղծում որոշակի խմբի նկատմամբ։
-
Խտրականություն՝ ասոցացվածության հիմքով
Տեղի է ունենում, երբ մեկ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքը տարածվում է նաև նրա հետ սերտորեն կապված մեկ այլ անձի վրա (օր.՝ ծնող–երեխա)։
Որո՞նք են խտրականության հիմքերը։
Ցանկը սպառիչ չէ։ Խտրականությունը կարող է տեղի ունենալ տարբեր հիմքերով։
Ամենատարածված հիմքերն են՝
- ռասա, էթնիկ պատկանելություն և մաշկի գույն
- սեռ, գենդեր և սեռական կողմնորոշում
- լեզու
- կրոն
- քաղաքական կամ այլ կարծիք
- ամուսնական կամ ծնողական կարգավիճակ
- ներգաղթի կարգավիճակ
Կարո՞ղ է արդյոք խտրականությունը լինել արդարացված
Այո։ Ոչ բոլոր խտրական դեպքերն են արգելված։
Տարբերակված վերաբերմունքը չի համարվում մարդու իրավունքների խախտում, եթե այն ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում և հետապնդում է օրինական նպատակ, օրինակ՝ ազգային անվտանգության պաշտպանություն, խաղաղության վերականգնում կամ այլ։
Գոյություն ունի նաև «դրական գործողություն» հասկացությունը՝ այն խմբերի համար առավել նպաստավոր վերաբերմունք, որոնք պատմականորեն ապօրինի խտրականության են ենթարկվել (օրինակ՝ էթնիկ փոքրամասնություններ, կանայք)։
օրինակ Անդրլեն ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ կնոջ համար սահմանված ավելի ցածր թոշակային տարիքը (57 կամ ավելի ցածր), համեմատած տղամարդկանց հետ (60 տարի), չէր հանդիսանում ապօրինի խտրականություն, քանի որ օրենքը նպատակ ուներ «հատուցելու կանանց և տղամարդկանց փաստացի անհավասարությանը»։
Ով է պաշտպանում այս իրավունքը?
Քանի որ պետությունն է մարդու իրավունքների հիմնական երաշխավորը, այն պարտավոր է ապահովել խտրականության արգելքի պահպանումը։
Պետության պարտավորությունները երկակի են՝ բացասական պարտավորություն (պարտավորություն «ինչ–որ բան» չանել) եվ դրական (պարտավորություն «ինչ–որ բան» անել):
Բացասական պարտավորությունը ենթադրում է, որ պետական մարմինները չպետք է խտրականություն կիրառեն ոչ իրավաչափ հիմքերով։
Դրական պարտավորության դեպքում պետությունը պետք է՝
- Ընդունել ոչ խտրական օրենքներ
- արգելի ապօրինի խտրականությունը
- արդյունավետորեն հետաքննի այն դեպքերը, երբ անձը ենթարկվել է անհիմն անբարենպաստ վերաբերմունքի
- շտկել հասարակությունում առկա փաստացի անհավասարությունները՝ աջակցելով ավանդաբար խոցելի կամ քիչ պաշտպանված խմբերին
Միջազգային ճանաչում
Խտրականության արգելքը բխում է հավասարության սկզբունքից. բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար։
Անձի որևէ հատկանիշ կամ կարգավիճակ չի կարող հիմք հանդիսանալ տարբերակված վերաբերմունքի համար։
1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ հոդվածը սահմանում է
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:
Խտրականության արգելքը ամրագրված է նաև բոլոր կարևոր միջազգային և տարածաշրջանային մարդու իրավունքների փաստաթղթերում։ Բացի այդ՝ առկա են բազմաթիվ մասնագիտացված կոնվենցիաներ, որոնք պաշտպանում են խոցելի խմբերին՝ կանանց, հաշմանդամ անձանց, աշխատող միգրանտներին և այլն։