Ի՞նչ է կրթության իրավունքը։
Կրթության իրավունքը երաշխավորում է, որ յուրաքանչյուր անձ ունի կրթություն ստանալու հնարավորություն։ Կրթությունը դիտվում է որպես մարդու անհատականության և նրա զարգացման կարևոր բաղադրիչ։ Այս իրավունքը նաև հնարավորություն է տալիս ծնողներին ընտրելու իրենց երեխաների համար կրթության տեսակը՝ համաձայն իրենց մշակութային, կրոնական, բարոյական կամ այլ նախապատվությունների։ Այն նաև մարդկանց կամ իրավաբանական անձանց իրավունք է տալիս ստեղծելու սեփական կրթական հաստատությունները։
Ով է ապահովում այս իրավունքը?
Պետությունն է մարդու իրավունքների հիմնական երաշխավորը։ Այն ունի երեք մակարդակի պարտավորություն․
- Հարգելու պարտավորություն.Պետությունը պետք է խուսափի այնպիսի քայլերից, որոնք կարող են սահմանափակել կամ խոչընդոտել կրթության իրավունքը։
- Պաշտպանելու պարտավորություն. Պետությունը պետք է կանխի երրորդ անձանց գործողությունները, որոնք կարող են խախտել այս իրավունքը։
- Իրականացնելու (ապահովելու) պարտավորություն. Պետությունը պետք է աջակցի անհատներին՝ իրենց կրթության իրավունքը իրացնելու համար։
Պետության պարտականությունն է նաև ապահովել, որ պահպանվեն կրթության չորս հիմնարար պահանջները:
Հասանելիություն (Availability)
Կրթական հաստատությունները պետք է լինեն բավարար քանակով և հասանելի բոլորի համար։ Սա ներառում է շենքեր, որտեղ պետք է տեղակայվեն կրթական հաստատությունները, ուսումնական անձնակազմ, ուսումնական նյութեր, գրադարաններ և այլ անհրաժեշտ պայմաններ։
Մատչելիություն (Accessibility)
Պետությունը պետք է վերացնի կրթություն ստանալու խոչընդոտները։ Կրթությունը պետք է լինի ֆիզիկապես հասանելի (անվտանգ հասանելիության տարածքում), տնտեսապես հասանելի (մատչելի), հասանելի բոլորի համար՝ անկախ որևէ առանձնահատկությունից։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ բոլոր երեխաները՝ պարտադիր կրթության տարիքային խմբում, ունենան կրթություն և որ այն լինի անվճար։ (Սա չի տարածվում միջնակարգ և բարձրագույն կրթության վրա։)
Ընդունելիություն (Acceptability)
Ծնողները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց երեխաների կրթությունը՝ առանց պետական միջամտության։ Կրթության բովանդակությունն ու ձևը պետք է լինեն համապատասխան, մշակութային առումով ընդունելի, բարձր որակի։
Հարմարվողականություն (Adaptability)
Կրթությունը պետք է լինի ճկուն և համահունչ հասարակության փոփոխություններին։ Քանի որ հասարակության արժեքները, նորմերը և ավանդույթները ժամանակի ընթացքում փոխվում են, կրթությունը պետք է կարողանա հարմարվել այդ փոփոխություններին։
Միջազգային ճանաչում
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 1948 թվականին, առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը ամրագրում է մարդու հիմնական իրավունքները։ Հռչակագրի 26-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է․
Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն ևս ընդգծել է այս իրավունքի երկակի բնույթը․
Կրթությունը միաժամանակ մարդու ինքնուրույն իրավունք է և նաև կարևորագույն միջոց այլ իրավունքների իրացման համար։ [… ] Կրթությունն այսօր դիտվում է որպես պետությունների լավագույն ներդրություններից մեկը։