Կյանքի իրավունք

Ի՞նչ է կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք։ Կյանքի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է և երաշխավորված է բոլոր հիմնական միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերով։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նշել է․

Կյանքի իրավունքը] գերագույն իրավունք է, որից ներվարք չի թույլատրվում անգամ զինված հակամարտության կամ ազգային անվտանգությանը սպառնացող այլ արտակարգ իրավիճակներում։

Գործնականում, սակայն, կյանքից զրկելը տեղի է ունենում տարբեր իրավիճակներում։ Կյանքի զրկելը ներառում է ինչպես դիտավորյալ պատճառված վնասը, այնպես էլ՝ կանխատեսելի և կանխարգելելի վնասը։ Այն կարող է տեղի ունենալ հանցավոր կամ զինված բռնության, երթևեկության ու արտադրական վթարների, բնապահպանական աղետների, առողջապահական ծառայությունների, տարածվող կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների, զինված հակամարտությունների, ծայրահեղ աղքատության, լայնածավալ սովի և թերսնման համատեքստում։

Ո՞վ է պաշտպանում կյանքի իրավունքը

Պետությունը մարդու իրավունքների հիմնական երաշխավորն է, հետևաբար այն պարտավոր է ապահովել, կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը և դրա պաշտպանությունը:

Սա նշանակում է, որ․

  • պետության ներկայացուցիչները կարող են գործադրել մահաբեր ուժ միայն բացառիկ և շատ հազվադեպ դեպքերում, և միայն այն դեպքում, երբ դա բացարձակ անհրաժեշտ է,
  • եթե պետության ներկայացուցիչները գիտեն կամ պարտավոր են իմանալ, որ որևէ մեկի կյանքը իրական վտանգի տակ է, նրանք պարտավոր են ձեռք առնել ողջամիտ բոլոր հնարավոր քայլերը կյանքի իրավունքը պաշտպանելու համար,
  • եթե որևէ մեկը զրկվել է կյանքի իրավունքից, ապա պետությունը պարտավոր է ապահովել արդյունավետ քննություն: 

Պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է նաև համապատասխան իրավական համակարգի ձևավորում՝ կյանքի իրավունքի լիարժեք իրականացումն ապահովելու համար, այդ թվում՝ հնարավոր մասնավոր կամ պետական կազմակերպությունների, անհատների կողմից կյանքի իրավունքին սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով իրավական նորմերի ընդունում: 

Կարո՞ղ է արդյոք կյանքի զրկումը երբեվէ արդարացված լինել

Թեպետ կյանքի իրավունքը հիմնարար իրավունք է, սակայն այն բացարձակ իրավունք չէ։ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը արգելում են կյանքի իրավունքից կամայականորեն զրկելը: Սա նշանակում է, որ որոշ բացառիկ իրավիճակներում կյանքի իրավունքից զրկելը կարող է համարվել ոչ կամայական:
Օրինակ՝ ինքնապաշտպանության ժամանակ կամ իրավապահ մարմինների կողմից մահաբեր ուժի կիրառումը՝ կյանքին անմիջական սպառնալիքը կանխելու համար։
Այնուամենայնիվ՝ կարևոր է հաշվի առնել, որ բոլոր դեպքերում ուժի կիրառումը պետք է լինի ծայրահեղ և խիստ անհրաժեշտ միջոց, որպեսզի հնարավոր լինի կանխել կյանքի իրավունքի դեմ ուղղված անմիջական վտանգը։

Կյանքի իրավունքի միջազգային ճանաչում

Կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված նորմերը ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային համայնքը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար միասնական չափանիշներ ստեղծելու նպատակ ուներ: 

1948թ․ ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի 3-րդ հոդվածը սահմանում է՝

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձնական անվտանգության իրավունք։

Կյանքի իրավունքն ամրագրված է նաև բոլոր հիմնական միջազգային և տարածաշրջանային մարդու իրավունքների կոնվենցիաներում։

Համատեքստ

Աղբյուրներ

Վերջին թարմացում 26/11/2025