Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
13 Դեկտեմբեր 2005
Փաստեր
Դիմողները Հունաստանի քաղաքացիներ են՝ գնչուական էթնիկ խմբին պատկանող։ Կրպակի գողության փորձի առնչությամբ ոստիկանություն էին դիմել: Կրպակի տերը պնդել էր, որ պարոն Բեկոսը փորձել է երկաթյա ձողով կոտրել կրպակը, իսկ պարոն Կուտրոպուլոսը, ըստ երևույթին, հսկիչի դեր է կատարել։ Երկու դիմողներն էլ նշել էին, որ կալանքի ընթացքում իրենց հասցեին գնչուական ծագման հիմքով հնչեցվել են վիրավորական արտահայտություններ։
Բողոք
Դիմողները պնդում էին, որ ոստիկանության կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի և որ իշխանությունները միջադեպի վերաբերյալ պատշաճ քննություն չեն իրականացրել։ Նրանք նաև պնդում էին, որ վիճարկվող իրադարձությունները պայմանավորված են եղել ռասայական համոզմունքներով։
Դատարանի վճիռը
Դատարանը արձանագրեց, որ բռնության վերաբերյալ հայտարարությունները քննության առնելիս պետական իշխանությունները լրացուցիչ պարտավորություն ունեն ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը՝ բացահայտելու հնարավոր ռասիստական դրդապատճառները և պարզելու՝ արդյոք էթնիկ ատելությունը կամ համոզմունքները դեր են խաղացել այդ իրադարձություններում։ Իհարկե, գործնականում ռասայական դրդապատճառները ապացուցելը հաճախ չափազանց դժվար է։ Սակայն իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները՝ ապացույցներ հավաքելու և երաշխավորելու ճշմարտությունը բացահայտելու բոլոր գործնական հնարավորությունները, կիրառել և կայացնել հիմնավոր, անաչառ ու օբյեկտիվ որոշումներ՝ չանտեսելով այն կասկածելի փաստերը, որոնք կարող են մատնանշել ռասիստական դրդապատճառների մասին։
Դիմողների գործով, չնայած այն համոզիչ տեղեկություններին, որ միջադեպը կարող էր ռասայական հիմքեր ունենալ, որևէ ապացույց չկար, որ իշխանությունները որևէ քննություն են իրականացրել այդ հարցի շուրջ։ Մասնավորապես, ոչինչ չէր արվել՝ հաստատելու պարոն Բեկոսի պնդումները, թե իրենց հասցեին ռասիստական վիրավորանքներ են հնչեցվել, կամ բաց նամակում նշված նմանատիպ վերաբերմունքի մասին այլ հայտարարությունները։ Չէր իրականացվել նաև որևէ հարցում՝ պարզելու համար՝ արդյոք տվյալ ոստիկանները նախկինում ներգրավված են եղել նմանատիպ միջադեպերի մեջ, կամ երբևէ մեղադրվել են հակագնչուական վերաբերմունք դրսևորելու մեջ։ Բացի այդ, որևէ քննություն չի իրականացվել՝ պարզելու համար, թե ինչպես են մյուս ոստիկանները իրականացնում իրենց պարտականությունները ազգային փոքրամասնությունների հետ գործ ունենալիս։
Հետևաբար, Դատարանն արձանագրեց, որ առկա է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ զուգորդված 3-րդ հոդվածի հետ, քանի որ իշխանությունները չեն կատարել իրենց պարտականությունը՝ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ պարզելու համար՝ արդյոք խտրականությունը դեր է խաղացել վիճարկվող իրադարձություններում։