Բեյզարասը և Լևիցկասն ընդդեմ Լիտվայի

Մարդու իրավունքների եվրոպական դատարան
2020 թվականի հունվարի 14

Փաստեր

Դիմողները նույնասեռ զույգ են։ Պարոն Բեյզարասը իր «Ֆեյսբուք» էջում հրապարակել էր իրենց համբուրվող լուսանկարը։ Լուսանկարը լայն տարածում էր գտել և Լիտվայում ստացել հարյուրավոր մեկնաբանություններ։ Դրանք հիմնականում ներառում էին կոչեր նրանց սեռական կողմնորոշման պատճառով նրանց «կաստրացիայի ենթարկելու», «սպանելու», «վերացնելու» և «այրելու»։ Դիմողները, հասարակական կազմակերպության աջակցությամբ, փորձել էին քրեական գործ հարուցել այդ մեկնաբանությունների հեղինակների դեմ, սակայն ապարդյուն: Ներքին դատարանները գտել էին, որ դիմողների վարքագիծը «էքսցենտրիկ» էր և միտումնավոր սադրիչ։

Բողոք

Դիմողները պնդում էին, որ ենթարկվել են խտրականության իրենց սեռական կողմնորոշման հիմքով, քանի որ իշխանությունները հրաժարվել էին նախաքննություն սկսել պարոն Բեյզարասի «Ֆեյսբուք»-յան էջում տեղադրված ատելության մեկնաբանությունների հիմքով։ Նրանք նաև պնդում էին, որ այդ մերժման արդյունքում զրկվել էին իրավական պաշտպանության հնարավորությունից։

Դատարանի վճիռը

Դատարանը գտավ, որ մեկնաբանությունները ակնհայտորեն ազդել էին դիմողների հոգեկան առողջության և արժանապատվության վրա։ Դատարանը նշեց, որ դիմողների համասեռամոլ կողմնորոշումը դեր էր խաղացել իշխանությունների վերաբերմունքի մեջ։ Կենտրոնանալով դիմողների «էքսցենտրիկ վարքագծի» վրա՝ քրեական դատարանները իրենց որոշումներում հղում էին անում նրանց սեռական կողմնորոշմանը։ Նրանք նույնիսկ նախաքննություն չսկսելու որոշման մեջ հղում կատարելով «ավանդական ընտանեկան արժեքներին» և հոմոսեքսուալության սոցիալական ընդունելիության անհամատեղելիությանը բացահայտ կերպով արտահայտել էին իրենց մերժողականությունը՝ դիմողների սեռական կողմնորոշման նկատմամբ։ Իշխանությունների խտրական վերաբերմունքի հետևանքով դիմողները չէին պաշտպանվել քրեական օրենսդրությամբ նախատեսված կարգով այն վարքագծից, ովքեր հարձակում գործելու և նրանց ֆիզիկական և հոգեկան ամբողջականության դեմ ոտնձգության կոչեր էին հնչեցրել:

Դատարանը վճռեց, որ առկա է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ զուգորդված 8-րդ հոդվածի հետ, ինչպես նաև՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, քանի որ դիմողները զրկվել էին իրենց մասնավոր կյանքի խախտման վերաբերյալ բողոքների քննությոան իրավունքից, և սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքից: 

Կարդալ ավելին

Թեմաներ

Իրավունքներ

Վերջին թարմացում 31/07/2026