Իդենթոբան և այլոք ընդդեմ Վրաստանի

Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
12 Մայիսի 2015

Փաստեր

Դիմողները Վրաստանում գործող հասարակական կազմակերպություն են, որը ստեղծվել է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց իրավունքները խթանելու և պաշտպանելու նպատակով, ինչպես նաև՝ 14 վրացի քաղաքացիներ։ Կազմակերպությունը Թբիլիսիում Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրը նշելու համար հավաք էր իրականացրել։ Կազմակերպությունը նախապես տեղեկացրել էր իշխանություններին խաղաղ հավաքի անցկացնելու մտադրության մասին և խնդրել ապահովել բավարար պաշտպանություն հնարավոր բռնություններից՝ հաշվի առնելով վրացական հասարակության որոշ հատվածներում առկա թշնամական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ։ Միջոցառման ընթացքում ցուցարարներին սպառնացել էին հակացուցարարները՝ երկու կրոնական խմբերի անդամներ, որոնք թվով գերակշռում էին։ Հակացուցարարները վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում, փակել քայլերթի ուղին և շրջապատել էին նրանց։ Վերջիվերջո հակացուցարարները ֆիզիկապես հարձակվել էին դիմողներից մի քանիսի վրա՝ առնվազն երեքին պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դիմողների պնդմամբ՝ ոստիկանությունը համեմատաբար պասիվ էր մնացել բռնության նկատմամբ։

Բողոք

Դիմողները պնդում էին, որ վրացական իշխանությունները հակացուցարարների բռնի հարձակումներից իրենց չեն պաշտպանել և արդյունավետ քննություն չեն իրականացրել ՝ հատկապես պարզելու հարձակումների խտրական դրդապատճառները։ Նրանք նաև պնդում էին, որ ոստիկանության անգործության և հարձակումների հետևանքով չեն կարողացել շարունակել իրենց խաղաղ քայլերթը։

Դատարանի վճիռը

Դատարանն արձանագրեց, որ իշխանությունները տեղյակ էին կամ պետք է լինեին տվյալ միջոցառման շուրջ առկա ռիսկերի մասին, և այդ պատճառով պարտավոր ավելի բարձր մակարդակի պաշտպանություն ապահովել։ Սակայն ի սկզբանե միայն սահմանափակ թվով ոստիկաններ էին տեղակայվել, և նրանք թույլ էին տվել, որ լարվածությունը վերածվի ֆիզիկական բռնության։ Բացի այդ, խաղաղ ցույցը շարունակելու նպատակով ամենաագրեսիվ հակացուցարարներին զսպելու փոխարեն ոստիկանությունը սկսել էր ձերբակալել և տեղափոխել հենց դիմողներից մի քանիսին՝ այն զոհերին, որոնք ենթակա էին պաշտպանության։ Դատարանը գտավ, որ իշխանությունները դիմողների պաշտպանությունը հարձակումներից չեն ապահովել։

Դատարանը նաև արձանագրեց, որ դիմողները կարճ ժամանակ անց քրեական հաղորդում էին ներկայացրել և բազմիցս միջնորդել էին քննություն սկսելու համար։ Սակայն իշխանությունները համապարփակ և բովանդակային քննություն սկսելու փոխարեն անբացատրելիորեն նեղացրել էին քննության շրջանակը և հարուցել երկու առանձին գործ՝ որոնք վերաբերում էին միայն դիմողներից երկուսի ստացած մարմնական վնասվածքներին։ Նույնիսկ այդ գործերով երկու տարվա ընթացքում էական առաջընթաց չէր արձանագրվել։

Այս հանգամանքների հիման վրա Դատարանը եզրակացրեց, որ առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ զուգորդված 14-րդ հոդվածի հետ։

Կարդալ ավելին

Թեմաներ

Իրավունքներ

Վերջին թարմացում 31/07/2026