Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
31 Մայիսի 2007
Փաստեր
Դիմողը, մի քանի այլ անձանց հետ, Զագրեբի փողոցում մետաղի ջարդոն էր հավաքում։ Նրանց մոտեցան երկու անհայտ անձինք և հարձակվեցին դիմողի վրա։ Նրանք փայտե տախտակներով ծեծեցին դիմողին՝ հարվածելով ամբողջ մարմնին, միաժամանակ հնչեցնելով ռասիստական վիրավորանքներ։ Նույն խմբին պատկանող, ըստ երևույթին, ևս երկու անհայտ անձինք հերթապահում էին։ Շատ կարճ ժամանակ անց ոստիկանությունը ժամանեց դեպքի վայր, հարցաքննեց ներկաներին և փորձեց գտնել հարձակվողներին։ Դիմողի փաստաբանը տեղեկացրեց պետական դատախազին, որ դիմողի վրա հարձակված անձինք, ըստ ամենայնի, նախկինում ևս բազմաթիվ հարձակումներ էին գործել գնչուների նկատմամբ։
Բողոք
Դիմողը մասնավորապես պնդում էր, որ ազգային իշխանությունները ռասիստական հարձակման առնչությամբ լուրջ և համակողմանի քննություն չեն իրականացրել, և որ ինքը խտրականության է ենթարկվել իր գնչուական ծագման հիմքով։
Դատարանի վճիռը
Դատարանն արձանագրեց, որ այն պետությունները, որոնք վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պարտավոր են ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու համար, որ իրենց իրավազորության ներքո գտնվող անձինք չեն ենթարկվի անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, այդ թվում՝ մասնավոր անձանց կողմից։ Իշխանությունները պարտավոր էին համապատասխան ապացույցներ հավաքելու համար ձեռնարկել իրենց տրամադրության տակ եղած ողջամիտ քայլերը, և դա անել արագ և ողջամիտ ժամկետներում։ Սակայն Դատարանը նկատեց, որ դեպքից հետո ոստիկանությունը որևէ մեկի դեմ մեղադրանք չէր առաջադրել, և քրեական վարույթը նախաքննության փուլում մնացել էր գրեթե յոթ տարի։
Դատարանն արձանագրեց, որ կասկած կար, թե դիմողի վրա հարձակվողները պատկանում էին «սկինհեդ» խմբին, որն իր բնույթով ղեկավարվում է ծայրահեղական և ռասիստական գաղափարախոսությամբ։ Ուստի անընդունելի էր, որ, ունենալով տեղեկություն այն մասին, որ դեպքը ամենայն հավանականությամբ ունեցել է ազգային ատելության դրդապատճառ, ոստիկանությունը թույլ էր տվել, որ քննությունը տևի ավելի քան յոթ տարի՝ առանց հանցագործներին նույնականացնելու կամ պատասխանատվության ենթարկելու համար որևէ լուրջ քայլ ձեռնարկելու։
Այսպիսով, Դատարանն արձանագրեց, որ առկա է խախտում՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ զուգորդված 3-րդ հոդվածի ընթացակարգային կողմի հետ։