Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած միջոցով իր կարծիքն ու գաղափարներն արտահայտելու և տեղեկատվություն տարածելու իրավունք: Մարդու իրավունքների շրջանակում սա կոչվում է արտահայտվելու ազատություն։ Այն արգելում է պետությանն ու հասարակության այլ անձանց կիրառել գրաքննություն և կարող է սահմանափակվել միայն շատ էական պատճառներով։
Արտահայտվելու և ժողովրդավարություն
Արտահայտվելու ազատությունը կարևոր իրավունք է, որը հիմնարար նշանակություն ունի ժողովրդավարական հասարակության համար։ Այն հնարավորություն է տալիս ազատորեն փոխանակել գաղափարներ, կարծիքներ և տեղեկատվություն, ինչը թույլ է տալիս հասարակության անդամներին հանրային կարևորության հարցերի վերաբերյալ ձևավորել սեփական կարծիքը։ Կարծիքների արտահայտման ազատությունը նպաստում է հանրային բանավեճին և ապահովում ազատ ու անկախ մամուլ, տեղեկացված քաղաքացիներ և պետության թափանցիկ գործունեություն։
Սահմանափակումներ
Արտահայտվելու ազատությունը շատ լայն է, սակայն այն ունի սահմաններ և կարող է սահմանափակվել։ Սահամանփակումը տեղի է ունենում այն դեպքում, երբ մեկ անձի արտահայտվելու ազատությունը խախտում է այլ անձի իրավունքները կամ ամբողջ հասարակության արժեքները։ Այսպիսի իրավիճակներում պետությունը կարող է իրավաչափորեն սահմանափակել կամ պատասխանատվություն սահմանել վնաս պատճառող արտահայտությունների համար։ Այդպիսի օրինակներն են՝ մասնավոր կյանքի իրավունքի խախտում, զրպարտություն, ատելության խոսք, հայհոյանք, պոռնոգրաֆիա, հասարակական կարգի խախտում, ազգային անվտանգություն, պետական գաղտնիք, առևտրային գաղտնիք կամ հեղինակային իրավունքի խախտում։
Մամուլ
Արտահայտման ազատությունը մամուլին տալիս է հատուկ իրավունքներ և պարտականություններ։ Մամուլը հասարակությանը տրամադրում է հանրային շահ ներկայացնող տեղեկատվություն և ստեղծում է հանրային բանավեճի, վերահսկողության և մտորումների կարևոր հարթակ։ Այդ պատճառով անկախ մամուլը և որակյալ լրագրությունը համարվում են ժողովրդավարական հասարակության «դիտորդ շունը»։
Այս ձեռնարկի մասին
Այս ուղեցույցը ներկայացնում է կարծիքների և արտահայտվելու ազատության սկզբունքները և այն դեպքերը, երբ դրանք կարող են օրինականորեն սահմանափակվել։ Այն նաև մանրամասնում է, թե ինչպես է համադրվում կարծիքների արտահայտման ազատությունը անձնական կյանքի գաղտնիության, զրպարտության և ատելության խոսքի հետ։ Բացի այդ, այն օգնում է հասկանալ մամուլի հատուկ իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև քաղաքացու իրավունքը՝ պետական հաստատություններից ստանալու թե՛ հրապարակային, թե՛ սահմանափակման ենթակա տեղեկատվություն։ «Ինչպես բողոքարկել» բաժինները պարզաբանում են, թե ինչ կարելի է անել, երբ առկա է մարդու իրավունքների խախտման հավանականություն։