Անձի կարգավիճակը հասարակության մեջ կարևոր է որոշելու համար, թե որքան մեծ է հանրային հետաքրքրությունը նրա անձնական կյանքի նկատմամբ։
Անձնական կյանքը ընդդեմ հանրային հետաքրքրության
Կարևոր է գնահատել՝ արդյոք որևէ մեկի անձնական կյանքի մանրամասների հրապարակումը կարող է արդարացված լինել, թե ոչ։ Անձի կարգավիճակը վերաբերում է ոչ միայն նրան, թե որքան ճանաչելի է նա հասարակության մեջ, այլև այն հանրային գործառույթներին, որոնք նա իրականացնում է։
Հրապարակման նպատակը
Անձնական կյանքի որոշ մանրամասների հրապարակումը կարող է կարևոր լինել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Այդ պատճառով լրագրողները և լրատվամիջոցները որոշակի ազատություն ունեն որոշելու, թե որ մանրամասներն են անհրաժեշտ պատմության համար։ Նմանապես, հասարակական կարևորություն ունեցող հարցերի շուրջ հանրային քննարկմանը մասնակցող մասնավոր անձն էլ կարող է հրապարակել որոշ անձնական տեղեկություններ։
Նույնիսկ այն դեպքերում, երբ հրապարակված անձնական տվյալները վերաբերում են հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմային, հրապարակողը պետք է ապահովի, որ հանրությանը ներկայացվի միայն անհրաժեշտ նվազագույն տեղեկությունը։ Տեղեկատվության հրապարակման շարժառիթների ուսումնասիրությունը կարևոր է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ հրապարակման իրավաչափությունը գնահատելիս և գործողության իրավական ճիշտ որակումը որոշելիս։
Հանրային գործիչներ
Հանրային գործիչները, օրինակ՝ քաղաքական գործիչներ կամ հայտնի անձինք, հատկապես իրենց գործառույթները իրականացնելիս, պետք է պատրաստ լինեն իրենց անձնական կյանք ավելի լայն միջամտության: Եթե հրապարակված խոսքը կամ լրատվական նյութը վերաբերում է հանրային գործչի կամ քաղաքական իրադարձությունների, ապա թույլատրելի քննադատության շրջանակը զգալիորեն լայն է։ Այնուամենայնիվ, հանրային գործիչ լինելը ինքնաբերաբար չի նշանակում, որ անձի անձնական կյանքը հանրային հետաքրքրություն է ներկայացնում։
օրինակ Լրատվամիջոցները կարող են անդրադառնալ հայտնի երգչի թմրամիջոցների օգտագործման խնդրին, եթե նա պատանիների համար օրինակելի անձ է։ Նմանապես, հանրային հետաքրքրությունը կարող է արդարացնել մի լրատվական նյութ այն մասին, որ կառավարության անդամը իր արձակուրդի ընթացքում զբոսանավով ճամփորդել է՝ ծախսերը հոգացել է մի ընկերություն, որը հաղթել է պետական մրցույթում։
Մասնավոր անձինք
Այն անձանց անձնական կյանքը, որոնք չեն իրականացնում հանրային գործառույթներ, ավելի խիստ է պաշտպանված, քան հանրային գործիչներինը։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանց մասնագիտական գործունեության կամ կարգավիճակի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, որպես կանոն, շատ ավելի քիչ է և չի արդարացնում անձնական կյանքում ներխուժումը։
Սահմանափակումներ
Որոշ անձի կամ խնդրի նկատմամբ հանրային հետաքրքրության առկայությունը չի նշանակում, որ տվյալ անձի անձնական կյանքը պաշտպանված չէ։ Սա վերաբերում է նաև հանրային գործիչներին։
Սա նշանակում է, որ անձնական կյանքի մանրամասների հրապարակումը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով այն դերը, որը տվյալ անձը ընտրել է հասարակության մեջ, և դրա հետ կապված հանրային հետաքրքրությունը։ Վեճի դեպքում հրապարակողները պետք է կարողանան ցույց տալ․
- թե ինչպես և ինչու է տեղեկությունը վերաբերում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի,
- որ հրապարակվել է միայն անհրաժեշտ նվազագույն տեղեկությունը։
օրինակ Եթե ընթերցողները արդեն բավարար տեղեկություն ունեն նախարարի կախվածության և բուժման մասին, ապա անհրաժեշտ չի լինի հրապարակել հիվանդանոցում նրա բուժման լուսանկարները՝ պատմությանը հավաստիություն հաղորդելու համար։
Հանրային հետաքրքրություն, թե՞ հետաքրքրասիրություն
Եթե որևէ նյութ միջամտում է մեկի անձնական կյանքին, հեղինակը կամ հրապարակողը պետք է ապացուցի, որ անձնական տվյալները հրապարակելը անհրաժեշտ էր հասարակությանը տեղեկացնլու համար հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի մասին։ Տեղեկատվությունը, որը նպաստում է ընդհանուր նշանակության հարցերի (օր.՝ քաղաքական կամ սոցիալական) շուրջ քննարկմանը, պաշտպանված է հանրային հետաքրքրության սկզբունքով։
Հանրային հետաքրքրությունը չպետք է շփոթել անձի անձնական կյանքի հետաքրքրասիրության հետ։ Հետևաբար, առևտրային շահերը կամ ընթերցողների զվարճանքի նպատակով սենսացիաների կամ բամբասանքների հրապարակումը, ամենայն հավանականությամբ, չի դիտարկվի որպես օրինական հանրային հետաքրքրություն։
օրինակ Եթե հանրահայտ անձի որոշ անձնական լուսանկարների հրապարակման միակ նպատակը ամսագրի ընթերցողների հետաքրքրասիրությունը բավարարելն է, դա չի նպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր քննարկմանը։ Այս դեպքում անձի անձնական կյանքի միջամտությունն արդարացված չի լինի։