Ատելության խոսքը կարող է ունենալ բազմաթիվ դրսևորումներ, ուստի կարևոր է տեղեկացված լինել տարբեր իրավիճակների մասին, երբ արտահայտությունը կարող է դիտարկվել որպես ատելության խոսք։
Մեկուսի արտահայտված ատելության դրսևորումը
Կարևոր է հասկանալ, որ որոշ անձանց կամ խմբերի նկատմամբ ատելություն և վիրավորական խոսք պարունակող արտահայտությունները հազվադեպ են․ դրանք առօրյա երևույթ են մասնավոր տիրույթում։ Որոշ մարդիկ՝ այդ անձանց (խմբերի) նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի պատճառով, հակված են իրենց մասնավոր հաղորդակցությունում կոշտ և վիրավորական ձևով կարծիքներ արտահայտել։
օրինակ Երկու ընկերներ տեսախաղեր խաղալիս կիսվում են մի քանի ռասիստական կատակներով։
Նման մասնավոր հաղորդակցությունը սովորաբար ատելության խոսք չի դիտարկվի, քանի որ ատելության խոսքի նպատակը հասարակությանը կամ առանձին խմբերին բացահայտորեն ատելության հրավիրելն է։ Հետևաբար, այն չի համարվի մարդու իրավունքների խախտում և չի պատժվի։ Սակայն, եթե նման երևույթները չեն զսպվում, մասնավոր տիրույթում արտահայտված ատելությունը հետագայում սնուցում է հանրային դաշտը՝ հրահրելով լարվածություն և ապօրինի խտրականության ու բռնությունների այլ ձևեր։ Այդ պատճառով պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ապահովելու համար համապատասխան կրթություն ատելության խոսքի և խտրականության վնասների մասին։
Հանրային դաշտում արտահայտված ատելության խոսք
Հանրային դաշտում արտահայտված ատելության խոսքը համարվում է շատ լուրջ և ենթակա է պատասխանատվության։ Հանրային դաշտում հնրեցված արտահայտություններ, որոնք ուղղված են անհատի կամ անձանց խմբի դեմ՝ ռասայի, ազգության, էթնիկական կամ սոցիալական ծագման, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ տարածելուն, դիտարկվում են որպես հանցագործություն։ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը ատելության խոսքի համար նախատեսում է տուգանք, հասարակական աշխատանք կամ ազատազրկում։
Որպես հանցագործություն որակվելու համար ատելության խոսքը պետք է համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329 կամ 330-րդ հոդվածներում տրված սահմանմանը։ Բացի այդ, ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և խաղաղության ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հրապարակային արդարացումը, ջատագովումը, ժխտումը, արդարացումը կամ կոպիտ թերարժևորումը նույնպես դիտարկվում են որպես պատժելի ատելության խոսք։
Ատելության խոսքը կարող է տարածվել ոչ միայն «իրական կյանքում», այլև համացանցում և կարող է դասակարգվել տարբեր կատեգորիաների մեջ։ Օրինակ՝ կրոնական կամ ռասայական ատելության հրահրմանը նվիրված խոսք, պատերազմական հանցագործությունների փառաբանմանը նվիրված խոսք և այլն։
օրինակ Մի խումբ անձինք կազմակերպել են չարտոնված հավաք տեղական եկեղեցու մոտ և վանկարկել են վիրավորական կոչեր քրիստոնյաների հասցեին։
Ատելության խոսք առցանց միջավայրում
Առցանց միջավայրում ատելության խոսքը հաճախ ավելի հանդուրժելի է համարվում, քան «օֆլայն»՝ իրական կյանքում արտահայտվածը, և, ցավոք, ավելի դժվար է վերահսկել։ Օգտատերերի համար նույնպես ավելի հեշտ է ուրիշներին առցանց վիրավորել, քան առերես։ Ատելության խոսքը համացանցում տարածվում և ուժեղանում է՝ թերագնահատելով դրա ազդեցությունները և այն համոզմունքի ազդեցությամբ, թե օգտատերերը անպատժելի են կամ պաշտպանված են անանունությամբ։ Սակայն այս մտածելակերպը սխալ է, քանի որ պետական մարմինները նույնպես իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ առցանց տարածվող ատելության խոսքի դեմ։
օրինակ Մի քանի օգտատերեր հոդվածի տակ, որը պատմում էր նույնասեռ զույգի ամուսնության և երեխա որդեգրելու մասին, թողել են ատելությամբ լցված մեկնաբանություններ։ Ավելի ուշ օգտատերերը դատապարտվել են ատելության հրահրման համար։
Առցանց տարածվող ատելության խոսքը մեծամասամբ հավասարեցվում է իրական կյանքում արտահայտված ատելության խոսքին, և այն տարածողները կարող են ենթարկվել պատասխանատվության։ Հաշվի առնելով համացանցի առանձնահատկությունները՝ այն հարթակները և հնարավորությունները, որոնք պայմաններ են ստեղծում ատելության խոսքի տարածման համար և ժամանակին չեն հեռացնում այն պարունակող մեկնաբանությունները, նույնպես կարող են ենթարկվել պատասխանատվության։
օրինակ Մի լրատվական կայք տուգանվել է, քանի որ որևէ միջոց չէր ձեռնարկել՝ հրեական համայնքի դեմ ատելություն պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ հաղորդումներ ստանալու հիմքով։
Ժխտում, թերագնահատում, արդարացում և փառաբանում
Պետությունը պարտավոր է պատժել ցեղասպանության, մարդկության և պատերազմական հանցագործությունների դեմ ցանկացած դիտավորյալ հրապարակային արդարացում, ժխտում, կոպիտ թերագնահատում կամ գովաբանում, եթե այն իրականացվում է այնպիսի ձևով, որը կարող է հրահրել բռնություն կամ ատելություն այդ խմբի կամ դրա անդամների նկատմամբ։
օրինակ Հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում մի անձ պնդում է, որ Հոլոքոստի հետևանքով մահացել են միայն մի քանի հրեաներ և ոչ թե միլիոններ՝ այս կերպ վիճարկելով այդ հանցագործության գոյությունը։