Ատելության խոսքը խթանում է որոշակի հատկանիշների հիման վրա անհատների կամ խմբերի նկատմամբ ատելություն կամ բռնություն։ Այն պաշտպանված չէ կարծիքի և արտահայտվելու ազատությամբ և կարող է օրինական կերպով կանխվել ու պատժվել։
Սահմանում
Ատելության խոսք է համարվում անհատի կամ մարդկանց խմբի նկատմամբ՝ կախված նրանց որևէ հատկանիշից, օրինակ՝ սեռից, սեռական կողմնորոշումից, ռասայից, էթնիկ պատկանելությունից, ազգային պատկանելությունից, լեզվից, սոցիալական կարգավիճակից, կրոնից կամ այլ համոզմունքներից, քաղաքական կամ այլ հայացքներից, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, վերաբերմունքի ցանկացած դրսևորում, որն ուղղված է ատելության կամ բռնության հրահրմանը, տարածմանը կամ արդարացմանը ։
Ի՞նչը կարող է համարվել ատելության խոսք։
Ատելության խոսքի և պարզապես վիրավորական, ոչ ընդունելի կամ ծայրահեղ կարծիքների միջև սահմանագիծը նուրբ է։ Ուստի կարևոր է տարբերակել դրանք։ Օրինակ՝ հայտարարությունը կարող է հակասել մեծամասնության կարծիքին, դիտվել վիրավորական կամ ատելություն պարունակող, սակայն այն պարտադիր չէ, որ հրահրի ատելություն կամ բռնություն։ Կարդացեք ավելին, թե ինչպես ճանաչել ատելության խոսքը։
Դրսևորման ձևերը
Ատելության խոսքը վերաբերում է ոչ միայն հրապարակային բանավոր հայտարարություններին, այլև կարող է արտահայտվել նկարների, ֆիլմերի, կարիկատուրաների և այլ ձևերով։
օրինակ Հեռուստատեսային հարցազրույց, որտեղ Աֆրիկայից եկած ներգաղթյալներին համեմատում են կապիկների հետ, կամ հոդվածաշար, որտեղ որևէ էթնիկ խումբ ներկայացվում է որպես երկրի չարիքի աղբյուր և այդ խմբի դեմ բռնություն է հրահրվում։
Կարևոր է գիտակցել, որ մեր օրերում ատելության խոսքը կարող է տարածվել տարբեր եղանակներով, այդ թվում՝ ինտերնետի միջոցով։ Առցանց տարածված ատելության խոսքը հաճախ ուժգնանում է, և դրա հետևանքները թերագնահատվում են։ Օգտատերերը կարծում են, որ առցանց անանուն լինելու պատճառով այն տարածելիս իրենք որոշակի անպատժելիություն ունեն։ Սակայն այդ մտածողությունը սխալ է, քանի որ պետական մարմինները իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առցանց տարածվող ատելության խոսքը կանխելու համար։
օրինակ Նորությունների կայքում օգտատերերի թողած մեկնաբանությունները, որոնք պարունակում են անհատական սպառնալիքներ կամ վիրավորական լեզու հոդվածում հիշատակված անձանց հասցեին։
Ատելության խոսքն ընդդեմ կարծիքի և արտահայտվելու ազատության
Ատելության խոսքը հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին, քանի որ այն խթանում է անհանդուրժողականություն, ատելություն կամ բռնություն։ Պետությունն ունի պարտականություն՝ պաշտպանելու հասարակության բոլոր անդամների իրավունքներն ու արժանապատվությունը և պահպանելու հասարակական խաղաղությունը։ Դրա համար պետությունը պետք է կանխի ատելության խոսքը, անհանդուրժողականությունը և խտրականությունը։ Ուստի, ատելության խոսքի սահմանափակումը չի խախտում կարծիքի արտահայտման ազատությունը։
Քրեական հանցագործություն
Ատելության խոսքը հանցագործություն է, որը պետությունը կարող է օրինական կերպով կանխել կամ պատժել։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը թույլ է տալիս ատելության խոսքի համար կիրառել պատասխանատվության համապատասխան միջոցներ։
Ատելության խոսքի գործերով քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել ոչ միայն հեղինակները, այլև այն տարածողները, եթե աջակցում են նման խոսքին։ Օրինակ՝ երբ հարթակ են տրամադրում՝ այն հրապարակելով կամ հեռարձակելով։
Կարդալ ավելին պատասխանատվության մասին
Փոխհատուցում
Ատելության խոսքի զոհերը ատելության խոսքի հեղինակներից կամ տարածողներից իրավունք ունեն պահանջելու դրամական փոխհատուցում ինչպես քրեական վարույթի ընթացքում, այնպես էլ առանձին քաղաքացիական հայցով, եթե իրենց պահանջները լիովին բավարարված չեն քրեական վարույթում։