Յուրաքանչյուր մարդ ունի տեղեկատվության տարածման որևէ միջոցով իր կարծիքն ու գաղափարները հաղորդելու և տեղեկատվություն տարածելու իրավունք: Մարդու իրավունքների շրջանակներում սա կոչվում է կարծիքի և արտահայտվելու ազատություն։ Այն արգելում է պետությանն ու հասարակության այլ անձանց կիրառել գրաքննություն և կարող է սահմանափակվել միայն շատ լուրջ պատճառներով։

Ժողովրդավարություն

Յուրաքանչյուր մարդ ունի տեղեկատվության տարածման որևէ միջոցով իր կարծիքն ու գաղափարները հաղորդելու և տեղեկատվություն տարածելու իրավունք: Այն հնարավորություն է տալիս ազատորեն գաղափարներ, կարծիքներ և տեղեկատվություն փոխանակել, ինչը թույլ է տալիս հասարակության անդամներին ձևավորել սեփական կարծիքը հանրային կարևորության հարցերի վերաբերյալ։ Կարծիքի և արտահայտվելու ազատությունը նպաստում է հանրային բանավեճին և ապահովում ազատ ու անկախ մամուլի, տեղեկացված քաղաքացու և պետության թափանցիկ գործունեություն։

Կարծիքի և արտահայտվելու ազատությունը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն որպես մարդու իրավունք, այլև որպես հանրային շահի պաշտպանություն։ Դրա ապահովումը միաժամանակ սահմանադրական պարտավորություն է և միջազգային իրավունքի պահանջ։ Ժողովրդավարական հասարակությունում կարծիքի և արտահայտվելու ազատությունը չի պաշտպանում այնպիսի վիրավորական կամ անպարկեշտ խոսք, որը նպատակ ունի նվաստացնելու մարդու արժանապատվությունը, ինչպես նաև բացահայտ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել, որը հակասում է ընդունված բարոյական նորմերին, կամ ցանկացած այլ դրսևորում, որն ուղղված է մարդու արժանապատվությունը նվաստացնելուն։

Շրջանակը

Կարծիքի և արտահայտվելու ազատությունը պաշտպանում է տեղեկատվության տարածման գրեթե բոլոր միջոցները, որոնցով կարող եք արտահայտվել՝ անկախ ձեր հաղորդագրության բովանդակությունից կամ տոնից։ Այն ներառում է՝

  • տարածքները (հասարակական և մասնավոր)
  • նպատակները (քաղաքական, գեղարվեստական և առևտրային)
  • դրսևորումները (բառեր, պատկերներ և ձայներ)
  • մեդիաները (ֆիլմեր, մուլտֆիլմեր, ռադիո, հեռուստատեսություն և սոցիալական մեդիա)

օրինակ Դուք կարող եք ինտերնետային հարթակում որևէ հոդվածի տակ մեկնաբանություն գրել, երգ նվագել, հասարակական վայրում, փողոցում տեղադրել գովազդ կամ կրել որևէ գաղափար արտահայտող շապիկ։

Կարծիքի և արտահայտման ազատությունը պաշտպանում է ձեզ՝ ձեր արտահայտությունները անհիմն սահմանափակումներից, բայց այն չի երաշխավորում ձեր գաղափարներն արտահայտելու միջոցների մատչելիությունը։

օրինակ Թերթը կամ ինտերնետային հարթակը կարող է հրաժարվել հրապարակել ձեր հոդվածը կամ մեկնաբանությունը, իսկ սոցիալական մեդիայի ընկերությունը կարող է հեռացնել մեկնաբանությունը։

Սահմանափակումներ

Կարծիքի և արտահայտվելու ազատությունը շատ լայն է, սակայն այն ունի սահմաններ և կարող է սահմանափակվել։ Սահմանափակումը տեղի է ունենում այն դեպքում, երբ մեկի արտահայտման ազատությունը խախտում է այլ անձի իրավունքները կամ ամբողջ հասարակության արժեքները։ Այսպիսի իրավիճակներում պետությունը կարող է իրավաչափորեն սահմանափակել կամ պատասխանատվություն կիրառել վնաս պատճառող արտահայտությունների համար։ Դրա օրինակներն են՝ մասնավոր կյանքի խախտում, զրպարտություն, ատելության խոսք, հայհոյանք, պոռնոգրաֆիա, հասարակական կարգի խախտում, ազգային անվտանգություն, պետական գաղտնիք, առևտրային գաղտնիք կամ հեղինակային իրավունքի խախտում։

Կարծիքի և արտահայտվելու ազատության ցանկացած սահմանափակող միջոց պետք է ամրագրված լինի օրենքով, կիրառվի միայն ողջամիտ հիմնավորումներով (իրավաչափ նպատակ) և կոնկրետ անհատական իրավիճակի նկատմամբ կիրառվող բացառություն։ Կարդացեք ավելին՝ իրավաչափ սահմանափակումների մասին և գնահատման չափանիշների մասին։

Ատելության խոսք

Կարծիքների արտահայտման ազատությունը սահմաններ ունի և չի կարող տարածվել բոլոր արտահայտությունների վրա։ Ատելության խոսքը չի պաշտպանվում կարծիքի և արտահայտվելու ազատության վրա և համարվում է պատաստանատվության հանգեցնող արարք։ Ատելության խոսքը որոշ հատկանիշների վրա հիմնված, ինչպիսիք են ռասան, էթնիկական պատկանելությունը, սեռը, տարիքը, սեռական կողմնորոշումը, համոզմունքները կամ առողջական վիճակը, տեղեկատվության որևէ միջոցով ատելության կամ բռնության հրահրումն է, տարածումը կամ արդարացումը՝ ուղղված անհատի կամ մարդկանց խմբի դեմ: Ատելության խոսքը հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնական արժեքներին, և այդ պատճառով պետությունը կարող է օրինականորեն կանխել կամ պատժել այն։ Կարդացեք ավելին ատելության խոսքի մասին։

Մամուլի ազատություն

Կարծիքի և արտահայտվելու ազատությունը մամուլին տալիս է հատուկ իրավունքներ և պարտականություններ։ Մամուլը հասարակությանը տրամադրում է հանրային շահ ներկայացնող տեղեկատվություն և ստեղծում է հանրային վերահսկողության, բանավեճի և մտորումների կարևոր հարթակ։ Այդ պատճառով անկախ մամուլը և որակյալ լրագրությունը համարվում են ժողովրդավարական հասարակության «դիտորդ շունը»։

Այս դերի պատճառով մարդու իրավունքները լրագրողներին և մեդիային երաշխավորում են լրացուցիչ իրավունքներ և երաշխիքներ՝ իրենց պարտականություններն իրականացնելիս։ Օրինակ՝ լրագրողական աղբյուրները հատուկ պաշտպանություն ունեն, երբ հանրային հետաքրքրության հարցերի վերաբերյալ տեղեկատվություն է հավաքվում և հրապարակվում։ Լրագրողներին չի կարելի ստիպել բացահայտելու իրենց աղբյուրները, բացառությամբ դատարանի որոշման դեպքում։

Կարդացեք ավելին մամուլի ազատության մասին։

Տեղեկատվության մատչելիությունը

Կարծիքի և արտահայտվելու ազատությունը վերաբերում է նաև ցանկացած տեղեկատվություն ազատ տարածելու և ստանալու հնարավորությանը։ Օրինակ՝ կարդալով որոշակի թերթ կամ վեբկայք, լսելով ռադիոհաղորդում կամ դիտելով հեռուստաալիք։ Սա ներառում է նաև քաղաքացու իրավունքը՝ պետական հաստատություններից ստանալու թե՛ հանրային, և որոշ պայմաններում՝ սահմանափակման ենթակա տեղեկատվություն։

Կարդացեք ավելին տեղեկատվության մատչելիության մասին։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025