Կարծիքի և արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել այն դեպքերում, երբ այն իրացնելու ընթացքում անձը կամ անձանց խումբը խախտում է այլ անձի կամ խմբի իրավունքները կամ հիմնարար ժողովրդավարական արժեքները։ Ցանկացած սահմանափակում պետք է լինի օրինական և կիրառվի միայն կոնկրետ դեպքերում՝ որպես բացառություն։
Իրավունքների հավասարակշռում
Հանրային ելույթները, հոդվածները կամ արտահայտման այլ ձևերը կարող են լուրջ վնաս հասցնել կամ նույնիսկ հրահրել ատելություն կամ բռնություն այլ անձի կամ խմբի նկատմամբ։ Այդ պատճառով մեկ անձի կամ խմբի կարծիքների արտահայտման ազատությունը պետք է հավասարակշռված լինի մյուսների իրավունքների հետ։ Կարծիքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել, երբ այն իրացնող անձը կամ խումբը խախտում է այլ անձի կամ խմբի իրավունքները կամ ամբողջ հասարակության ժողովրդավարական արժեքները։
Սա վերաբերում է նաև տեղեկատվության մատչելիությանը։ Օրինակ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներին և բժշկական անձնակազմին արգելվում է բացահայտել այն տեղեկատվությունը, որը նրանք ստացել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում։
Գնահատման չափանիշներ
Այնուամենայնիվ, կարծիքի և արտահայտվելու ազատության ցանկացած սահմանափակում պետք է լինի օրինական և կիրառվի միայն կոնկրետ դեպքերում՝ որպես բացառություն։ Հետևաբար, ոստիկանությունը, դատարանները, պետական մարմինները, ինչպես նաև մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները պետք է ապացուցեն, որ սահմանափակող ցանկացած միջոց՝
- սահմանված է օրենքով,
- հետապնդում է իրավաչափ նպատակ,
- անհրաժեշտ է այդ իրավաչափ նպատակը ապահովելու համար, և
- համաչափ է։