Կարծիքի և արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում պետք է լինի օրինական և կիրառվի միայն կոնկրետ դեպքերում որպես բացառություն։ Հետևաբար, ոստիկանությունը, դատարանները, և այլ պետական մարմիններ և նույնիսկ մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները պետք է ապահովեն, որ ցանկացած սահմանափակող միջոց՝
- սահմանված է օրենքով,
- հետապնդում է իրավաչափ նպատակ,
- ընտրված միջոցն անհրաժեշտ է այդ իրավաչափ նպատակն ապահովելու համար,
- և ընտրված միջոցը համաչափ է։
Իմացեք ավելին այս չափանիշներից յուրաքանչյուրի մասին․
Ցանկացած սահմանափակող միջոց պետք է սահմանված լինի օրենքով։ Սա նշանակում է, որ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ ձեր գործատուն չեն կարող սահմանափակել ձեր կարծիքի և արտահայտման ազատությունը, եթե նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։
օրինակ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, նախատեսում են, որ անձը, ով հրապարակային կերպով հրահրում է ատելություն որոշակի էթնիկ խմբի նկատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվի։
օրինակ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն կարող է աշխատավայրում ընդունել ներքին կանոններ, որոնք արգելում են բացահայտել աշխատանքի վայրում ստացված տեղեկատվությունը։ Սակայն գործատուն չի կարող սահմանել այնպիսի ներքին սահմանափակումներ, որոնք չունեն օրենսդրական հիմք։
Ցանկացած սահմանափակող միջոց պետք է հետապնդի կարևոր նպատակ, որը պետությունը պարտավոր է պաշտպանել (իրավաչափ նպատակ)։ Այս նպատակները նշված են իրավական փաստաթղթերում, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում:
օրինակ Սահմանափակումներ կարող են կիրառվել՝ գաղտնի տեղեկատվության բացահայտումը կանխելու, այլ անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու կամ հասարակական կարգի խախտումը և հանցագործությունը կանխելու նպատակով։
Ցանկացած սահմանափակող միջոց պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ այն իրապես անհրաժեշտ է իրավաչափ նպատակի հասնելու համար։ Պետական մարմինները պարտավոր են ապացուցել այդ անհրաժեշտությունը։
օրինակ Դատարանների անաչառությունը ապահովելու համար կարող է տրամաբանական լինել, որ դատավորին արգելված է լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ։ Սակայն նման սահմանափակումը ոստիկանների նկատմամբ սահմանելը կարող է ոչ ողջամիտ լինել։
Նախ և առաջ, ցանկացած սահմանափակող միջոց պետք է համաչափ լինի իրավաչափ նպատակին։ Սա նշանակում է, որ ձեր արտահայտվելու իրավունքը պետք է հավասարակշռված լինի այն իրավունքների կամ շահերի հետ, որոնք պետությունը փորձում է պաշտպանել։
օրինակ Դատարանը պետք է հիմնավորի, թե ինչու է կոնկրետ դեպքում հանրային գործչի անձնական կյանքի գաղտնիության պաշտպանությունը ավելի կարևոր, քան հասարակության՝ հրապարակային տեղեկությունը ստանալու իրավունքը։
Երկրորդ, սահմանափակումը, ինչպես նաև կիրառված պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինեն իրավաչափ նպատակին։ Եթե ձեր արտահայտությունները խախտել են այլ անձանց իրավունքները, կիրառված պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի թույլ տվյալ խախտմանը։ Սա նշանակում է, որ նշանակված տուգանքը կամ պատիժը պետք է ողջամիտ լինի և համապատասխանի խախտման ծանրությանը։
օրինակ Եթե դատարանը ձեր նկատմամբ կիրառեր քրեական պատասխանատվություն՝ պետական պաշտոնյայի նկատմամբ չափից ավելի քննադատության համար, դա, ամենայն հավանականությամբ, համաչափ չէր լինի։ Նույն կերպ՝ եթե դատարանը ձեզ պարտավորեցներ վճարել գումար, որը երեք անգամ գերազանցում է զրպարտության գործով երբևէ նշանակված փոխհատուցման առավելագույն չափը, դա նույնպես համաչափ չէր լինի։