Որոշ իրավիճակներում արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել՝ այլոց համբավը, պատիվը կամ արժանապատվությունը պաշտպանելու նպատակով։
Կարծիքի և արտահայտվելու ազատությունն ընդդեմ բարի համբավի
Քննադատություն հրապարակելը կամ հրապարակայնորեն կոշտ կարծիք արտահայտելը կարող է բացասական հետևանքներ ունենալ մեկ այլ անձի համար, հատկապես, եթե հայտարարությունը կեղծ է կամ մասնակիորեն չի համապատասխանում իրականությանը։ Զրպարտությունը կեղծ կամ մասնակիորեն կեղծ փաստական պնդում է, որը վնասում է մեկ այլ անձի, խմբի կամ անձի պատիվը, արժանապատվությունը կամ կազմակերպության գործարար համբավը։ Վեճի դեպքում դատարանը կարող է սահմանափակումներ և պատասխանատվության միջոցներ կիրառել տեղեկություն, քննադատություն կամ կոպիտ վիրավորական ու նվաստացնող կարծիքներ տարածելու համար, եթե դրանք վնասակար են և կեղծ կամ չունեն բավարար փաստական հիմք։ Այս դեպքում կարծիքի և արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել՝ այլ անձի համբավը, պատիվը կամ արժանապատվությունը պաշտպանելու համար։
Հայտարարությունը զրպարտություն որակելու համար անհրաժեշտ է, որ ախահովեն հետևյալ չորս պայմաններ․
- Հայտարարությունը պետք է վերաբերի փաստական հանգամանքի (պետք է ունենա փաստական հիմք),
- Հայտարարությունը պետք է արվի հրապարակայնորեն,
- Հայտարարությունը պետք է լինի կեղծ (չպատասխաներ իրականությանը),
- Հայտարարությունը պետք է վնասի անձի պատիվը, արժանապատվությունը կամ կազմակերպության գործարար համբավը։
Փաստական հիմք
Զրպարտության գործով դատարանը կգնահատի, թե արդյոք վիճարկվող հայտարարության համար կա վավեր և վստահելի հիմք։ Եթե հայտարարությունը վերաբերում է փաստերին, հեղինակը կամ հրատարակիչը պարտավոր է ապացուցել, որ այդ փաստերը իսկապես ճիշտ են։ Եթե հայտարարությունը կարծիք է, հեղինակը կամ հրատարակիչը պետք է ցույց տա բավարար փաստական հիմք՝ այն հիմնավորելու համար։
օրինակ Եթե դուք հրապարակայնորեն հայտարարում եք, որ ինչ-որ մեկը դավաճանել է իր ամուսնուն/կնոջը, և այդ անձի համբավը վնասվել է, նա կարող է ձեր դեմ դատարան հայց ներկայացնել զրպարտության համար։ Դատարանում դուք պետք է ապացուցեք, որ ունեք որոշ փաստեր, որոնք հաստատում են այդ հայտարարությունը։
Անձի կարգավիճակ և հանրային հետաքրքրություն
Թույլատրելի հայտարարությունների տեսակները և դրանց փաստական հիմքի բավարար լինելը պետք է գնահատվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքով: Թույլատրելի քննադատության շրջանակը և այն ապահովող փաստական հիմքի չափը կախված է նաև ներգրավված անձի կարգավիճակից և դրա նկատմամբ առկա հանրային հետաքրքրության մակարդակից։ Հանրային գործչի դեպքում, որի գործողությունները մեծ հանրային հետաքրքրություն են ներկայացնում, փաստական հիմքի խորությունը գնահատվում է ավելի մեղմ, քան ոչ հայտնի մասնավոր անձի դեպքում։
օրինակ Քաղաքական գործչի շահերի բախման վերաբերյալ թույլ ապացույցներով արված ենթադրությունը գնահատվում է ավելի մեղմ, քան մասնավոր անձի վերաբերյալ վեճը։
Իրավաչափ սահմանափակումներ
Դատարանի կողմից հեղինակի կամ հրատարակչի նկատմամբ կիրառվող ցանկացած պատասխանատվության միջոց, որը սահմանափակում է կարծիքի և արտահայտվելու ազատությունը, պետք է լինի իրավաչափ։ Դա նշանակում է, որ պատասխանատվության միջոցը պետք է՝
- սահմանված լինի օրենքով,
- ծառայի այլոց համբավի պաշտպանության իրավաչափ նպատակին,
- լինի անհրաժեշտ և համաչափ։
Այս բաժնի մասին
Այս բաժնում կարող եք կարդալ ավելին այն կետերի մասին, որոնք կարևոր են զրպարտության գործերում։