Եթե դատարանը գտնի, որ դուք գերազանցել եք քննադատության թույլատրելի սահմանները և զրպարտել այլ անձի, ապա ձեր նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը պետք է լինի համաչափ։ Չափազանց խիստ պատասխանատվության միջոցները կարող են խախտել կարծիքի և արտահայտվելու ազատությունը նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հայտարարությունները համարվել են զրպարտություն։

օրինակ Զրպարտիչ արտահայտությունների համար նշանակվող փոխհատուցման չափը չպետք է այնքան մեծ լինի, որ այն հանգեցնի մեդիայի սնանկացմանը կամ վախեցնի տվյալ լրագրողին՝ ապագայում կրկին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներ անելուց։

Քաղաքացիական պատասխանատվություն․ փոխհատուցում, ներողություն, հերքում

Զրպարտության գործերում քաղաքացիական պատասխանատվությունն ամենատարածվածն է։ Այն կարող է ներառել դրամական փոխհատուցում, զրպարտիչ հայտարարությունները հերքելու պարտավորություն, ներողություն խնդրելը, պատասխան հրապարակելը կամ հրապարակման հեռացումը։ Պատասխանատվության միջոցի տեսակը կամ փոխհատուցման չափը որոշելիս դատարանը պետք է հավասարակշռի անձի բարի համբավին հասցված վնասի լրջությունը և մյուս կողմի կարծիքի և արտահայտվելու ազատության կարևորությունը։ Զրպարտության և վիրավորանքի գործերով իրավական պաշտպանությունը տարածվում է նաև սոցիալական մեդիայի անհատական հաշիվների միջոցով տարածված տեղեկատվության վրա։

օրինակ Եթե վճռաբեկ դատարանն իր որոշմամբ պահանջի փոխհատուցում, որը մոտավորապես չորս անգամ մեծ է, քան նախկինում երբևէ նշանակվել է զրպարտության գործերով, դա չի համարվի համաչափ, եթե չկան բացառիկ հանգամանքներ, որոնք կարդարացնեն նման վնասների փոխհատուցման նման բարձր չափը։

Քրեական պատժամիջոցներ

Զրպարտության գործերում քրեական պատժամիջոցները բացառություն են և պետք է կիրառվեն մեծ զգուշությամբ։ Դրանք պատժի ամենախիստ տեսակներն են, ուստի սովորաբար կիրառվում են միայն ամենածանր խախտումների դեպքում, օրինակ՝ ատելության կամ բռնության հրահրող հայտարարությունների դեպքում։

Քրեական պատժամիջոցները պետք է կիրառվեն միայն որպես բացառություն, քանի որ դրանք կարող են նաև վախեցնել մամուլին՝ իր դերն ապագայում իրականացնելիս։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը չի նախատեսում քրեական պատասխանատվություն զրպարտության համար։ Զրպարտությունը դիտավորությամբ արված, կեղծ փաստեր պարունակող և հրապարակայնորեն կամ մամուլով կամ այլ կերպ տարածված արտահայտություններն են։ Սակայն քրեական պատասխանատվությունը բացառություն է նույնիսկ այս դեպքերում։ Պետական մարմինները պետք է հիմնավորեն քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը և պարզաբանեն, թե ինչու այլ՝ ավելի մեղմ միջոցներ, օրինակ՝ քաղաքացիական գործով դրամական փոխհատուցման պահանջը, բավարար չէ։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025