Տարբերակում

Զրպարտության գործերում կարևոր է տարբերակել՝

Փաստական հայտարարություններ

Եթե վիճարկվող հայտարարությունը կամ հրապարակումը ներկայացնում է փաստեր, ապա հեղինակը կամ հրատարակիչը պետք է դատարանում ապացուցի, որ այդ փաստերը իրականում ճիշտ են։

Կարծիքներ

Եթե վիճարկվող հայտարարությունը կամ հրապարակումը կարծիք է, ապա հեղինակը կամ հրատարակիչը պետք է ցույց տա դատարանում, որ այդ կարծիքը հիմնավորված է բավարար փաստական հիմքով։

Փաստեր

Փաստերը տեղեկություններ են, որոնք կարող են օբյեկտիվորեն ստուգվել՝ ճշմարիտ կամ կեղծ լինելու տեսանկյունից։ Հետևաբար, եթե դուք ներկայացնում եք փաստեր, որոնք այլ անձը վիճարկում է որպես կեղծ տեղեկություն, ապա դուք պարտավոր եք ապացուցել, որ այդ փաստերը ճիշտ են։

օրինակ Եթե դուք հրապարակայնորեն հայտարարում եք, որ ինչ-որ մեկը կաշառք է տվել քաղաքապետին՝ իր ընկերության համար հանրային մրցույթը շահելու նպատակով, դուք պետք է ապացուցեք, որ այս պնդումը ճիշտ է։

Կարծիքներ

Կարծիքը կամ գնահատողական դատողությունը ձեր սուբյեկտիվ տեսակետն է որևէ իրադարձության կամ անձի վերաբերյալ։ Այս կարծիքը ձևավորվում է՝ հիմնվելով ձեզ հասանելի տեղեկատվության վրա։ Գնահատողական դատողությունը սուբյեկտիվ է, և, հետևաբար, ոչ ոք չի կարող օբյեկտիվորեն ստուգել կամ ապացուցել, արդյոք այն ճշմարիտ է, թե կեղծ։ Ընդհանուր առմամբ, գնահատողական դատողությունները չեն համարվում «զրպարտություն», որը վերաբերում է միայն փաստական հայտարարություններին։ Այսպիսով, գնահատողական դատողություններին կարող է կիրառվել միայն «վիրավորանքը»:

Սակայն սա չի նշանակում, որ անձի վերաբերյալ քննադատական գնահատողական դատողությունները կարող են լիովին կտրված լինել իրականությունից։ Քննադատական կարծիքները, հատկապես եթե արտահայտված են վիրավորական լեզվով, կարող են համարվել չափազանցված, եթե չունեն բավարար փաստական հիմք։ Եթե փաստական հայտարարությունը կամ արժեքային դատողությունը կրում է այնքան բացասական բնույթ, որ էապես վնասում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, միայն այդ դեպքում այն կարող է համարվել վիրավորական կամ զրպարտիչ։

Զրպարտությունը, որպես կանոն, հայտարարություն է, որը մեղադրում է անձին կոնկրետ արարքի կատարման մեջ, մինչդեռ վիրավորանքը պիտակ կամ սուբյեկտիվ կարծիք է, որ մեկ անձը արտահայտում է մյուսի վերաբերյալ։

օրինակ Եթե դուք հրապարակայնորեն քննադատել եք մեկին և նրան անվանել «սուտասան», անհնար է պահանջել, որ դուք ապացուցեք ձեր կարծիքի ճշմարտացիությունը։ Սակայն դուք պետք է կարողանաք նշել առնվազն որոշ փաստեր՝ հիմնավորելու ձեր կարծիքը, որ տվյալ անձը ստել է։

Փաստական հիմք

Փաստական հիմքի ուժգնությունը կախված է մեղադրանքի լրջությունից և պետք է գնահատվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։ Որքան լուրջ և կոնկրետ է մեղադրանքը, այնքան ավելի ճշգրիտ և հուսալի պետք է լինի դրա փաստական հիմքը։

օրինակ Եթե դուք հրապարակայնորեն հայտարարում եք, որ ինչ-որ մեկը գող է, դուք պետք է ունենաք ամուր փաստական հիմք՝ ձեր կարծիքը հիմնավորելու համար։

Գնահատում

Փաստերը կարծիքներից տարբերելու համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն բառերի ուղիղ իմաստը, այլև՝

  • հայտարարության համատեքստը,
  • այն, թե ինչպես է լսարանը դրանք ընկալել,
  • և այն իմաստը, որը դրանց տվել է հեղինակը։

Եթե դուք կարծում եք, որ դարձել եք վիրավորանքի կամ զրպարտության զոհ և ցանկանում եք պաշտպանվել իրավական ճանապարհով, առաջին քայլը այն է, որ անհրաեշտ է պարզել, թե արդյոք հայտարարությունն արվել է հրապարակայնորեն։

Շատ դեպքերում դժվար է գնահատել, արդյոք տվյալ հայտարարությունը կարծիք է, թե փաստերի վրա հիմնված պնդում։ Այն դեպքերում, երբ գնահատողական դատողությունը մոտ է փաստերի վրա հիմնված պնդմանը, հայտարարության հեղինակից կամ հրատարակչից կարող է չպահանջվել ապացուցել իր կարծիքի ճշմարտացիությունը, բայց նա պետք է ներկայացնի բավարար փաստեր՝ այդ կարծիքը հիմնավորելու համար։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025