Հատուկ իրավունքներ, ազատություններ և պաշտպանություն

Մամուլը հատուկ իրավունքներ և ազատություններ ունի, և ստանում է համապատասխան պաշտպանություն, քանի որ այն դիտվում է որպես ժողովրդավարական հասարակության «հսկիչ շուն»։

Ժողովրդավարական հասարակության մեջ մամուլի դերը նկարագրվել է որպես «հասարակական հսկիչ շան» դեր։ Դա նշանակում է, որ մամուլի խնդիրն է հանրությանը տեղեկացնել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին և ստեղծել հարթակ հանրային բանավեճի և քննարկումների համար։ Ահա թե ինչու է մամուլն այդ խնդիրներն իրականացնելիս վայելում հատուկ պաշտպանություն և իրավունքներ:

Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանում

Հանրությունն ընդհանրապես իրավունք ունի տեղեկություններ ստանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ «Հանրային հետաքրքրություն» հասկացությունը, որը կարող է գնահատվել հրապարակման ենթակա տեղեկատվության հրատապությամբ և տվյալ տեղեկության սոցիալական անհրաժեշտությամբ, հստակ սահմանված չէ և որոշ չափով կախված է այն միջավայրից, որտեղ այդ թեման քննարկվում է։

Օրինակ Հոդված այն մասին, թե ինչպես նախարարն իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով ազդել է պետական գնումների արդյունքների վրա, կամ հասարակության տարբեր էթնիկ կամ կրոնական խմբերի միջև առկա լարվածության մասին լուսաբանումը, կամ սպանության գործի վերաբերյալ ոստիկանության քննության թերությունների առնչությամբ քննադատությունն ակնհայտորեն կդիտվեն որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Պաշտպանություն

Լրագրողներն ամենաբարձր մակարդակի պաշտպանություն են վայելում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանման ընթացքում։ Սա նշանակում է, որ նրանց թույլատրվում է ավելի լայն ազատություն՝ քննադատելու և հրապարակելու տեղեկություններ, որոնք այլ դեպքում կարող էին միջամտել այլ անձանց իրավունքներին։ Նույնիսկ այս դեպքերում մամուլի ազատությունը անսահմանափակ չէ, սակայն ցանկացած սահմանափակում պետք է շատ խիստ գնահատվի։ Այս պաշտպանությունն ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ, որը համարվում է մասնագիտական վարքի կանոն, և որի ապահովումն ակնկալվում է մամուլից։

Այլ հարցերի լուսաբանում

Մամուլի իրավունքները պաշտպանված են նաև այն ժամանակ, երբ այն լուսաբանում է այնպիսի թեմաներ, որոնք չեն դիտվում որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող՝ օրինակ՝ ժամանցի ոլորտի թեմաներ։ Սակայն, քանի որ նման հաղորդումներում հանրային գերակա շահի և հետաքրքրություն կամ նշանակություն չկա, մամուլն ավելի քիչ ազատություն կունենա քննադատելու կամ հրապարակելու տեղեկություններ կամ հայտարարություններ, որոնք կարող են միջամտել այլոց իրավունքներին, օրինակ՝ անձնական կյանքի իրավունքին։ Կարդացեք ավելին անձնական կյանքի լուսաբանման մասին։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025