Մամուլի հատուկ իրավունքները, ազատություններն ու պաշտպանությունն ուղեկցվում են հատուկ պարտականություններով և պատասխանատվությամբ։
Մամուլին ավելի մեծ ազատություն է տրվում միայն այն դեպքում, երբ այն գործում է բարի հավատով, իր հաղորդումները հիմնում է ճշգրիտ փաստերի վրա և ապահովում է հուսալի ու ճշգրիտ տեղեկատվություն՝ պահպանելով լրագրողական էթիկայի չափանիշները։ Այս բաժնում կարող եք կարդալ մամուլի պարտականությունների մասին՝
- տրամադրել ճշմարիտ տեղեկատվություն և ստուգել աղբյուրների իսկությունը,
- հստակ տարբերակել տեղեկությունները և կարծիքները,
- խուսափել անհատին հասցեագրված ծայրահեղ վիրավորական լեզու օգտագործելուց, երբ դրա կիրառումը արդարացված չէ։
Ողջամիտ հրապարակումը (բարեխղճություն) ենթադրում է, որ տեղեկատվությունը (փաստական տվյալները) պետք է ներկայացված լինի ամբողջական ձևով՝ առանց խեղաթյուրելու էական նշանակություն ունեցող փաստերը։
Լրագրողների պարտականությունն է տրամադրել ճշմարիտ տեղեկատվություն, ստուգել փաստերն ու իրենց աղբյուրների իսկությունը։ Որքան լուրջ է մեղադրանքը, այնքան ճշգրիտ և հուսալի պետք է լինեն փաստերը։
Օրինակ Եթե լրագրողը հայտնում է, որ որևէ անձ հանցագործություն է կատարել կամ ապօրինի գործողություն է իրականացրել, նա պետք է համոզվի, որ իր աղբյուրներն ու փաստերը ճշգրիտ և հուսալի են։
Լրագրողները չպետք է պարզապես ենթադրեն, որ օրինակ անանուն նամակները կամ վեճում ներգրավված անձանց հայտարարությունները ճշմարիտ են։ Նման դեպքերում լրագրողներից ակնկալվում է տեղեկատվության ստուգում՝ օրինակ օգտվելով այլ հասանելի աղբյուրներից կամ մեկնաբանություն հայցել կոնկրետ անձից։
Բացառություն Մամուլը պարտավոր չէ ստուգել իր աղբյուրները կամ իրականացնել անկախ հետազոտություն, եթե հրապարակումը հիմնված է պաշտոնական զեկույցների կամ հանրային հաստատությունների տրամադրած այլ տեղեկության վրա։ Օրինակ՝ նման հանրային տեղեկություն կարող է լինել դատարանի վճիռը, պետական մարմինների հրապարակած վիճակագրական տվյալները կամ մամուլի ասուլիսում հնչեցված հայտարարությունները։
Լրագրողները պարտավոր են հստակ տարբերակել նորությունները իրենց կողմից ներկայացված կարծիքներից։ Սա կարևոր է, որպեսզի ընթերցողը կարողանա ինքնուրույն կարծիք ձևավորել տվյալ թեմայի շուրջ։
Նորություններ
Նորությունները ներառում են փաստեր և տվյալներ, որոնք հնարավոր է ստուգել։ Հետևաբար, դրանք պետք է լինեն հավաստի, իսկ ներկայացված տեղեկությունները՝ ստուգված և ապացույցներով հաստատված։
Կարծիքներ
Կարծիքներն արտահայտում են լրատվամիջոցների, հրատարակիչների կամ լրագրողների մտքերը, գաղափարները, համոզմունքները կամ գնահատողական դատողությունները։ Օրինակ՝ կարծիք կարող է լինել ընդհանուր գաղափարների վերաբերյալ մեկնաբանությունը կամ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ դիտարկումը։
Կարծիքները միշտ սուբյեկտիվ են, այդ պատճառով հնարավոր չէ ստուգել՝ արդյոք դրանք ճշմարիտ են։ Կարծիքները չեն ընկնում «զրպարտության» հասկացության տակ և չեն հանդիսանում ապացուցման առարկա։ Հետևաբար դատարանը չի կարող պահանջել կարծիքի կամ գնահատողական դատողության ապացուցում։ Սակայն սա չի նշանակում, որ որոշակի անձի նկատմամբ ուղղված քննադատական կարծիքները պետք է լիովին զուրկ լինեն փաստական հիմքից։ Եթե կարծիքը բավարար փաստական հիմք չունի, այն կարող է համարվել չափազանցված և դուրս գալ արտահայտվելու ազատության պաշտպանության սահմաններից։
Թե ինչն է համարվում բավարար փաստական հիմք, կախված է մեղադրանքի լրջությունից և յուրաքանչյուր դեպքում գնահատվում է առանձին։ Բայց որքան լուրջ և ճշգրիտ է մեղադրանքը, այնքան ավելի հավաստի պետք է լինի դրա փաստական հիմքը։
Օրինակ Եթե լրագրողը հրապարակում է դատական բարեփոխման մասին հոդված և եզրակացնում է, որ բարեփոխումը անարդյունավետ է եղել, սա դիտվում է որպես կարծիք։ Սակայն եթե լրագրողը ներկայացնում է լուրջ մեղադրանք, օրինակ՝ որ որևէ քաղաքական գործիչ մանկապղծությամբ է զբաղվել, նա պետք է ունենա շատ ամուր փաստական հիմք՝ իր կարծիքը հիմնավորելու համար։
Լրագրողների հրապարակած տեղեկությունները հաճախ հաճելի չեն լինում․ դրանք կարող են ցնցել կամ անհանգստացնել անձանց, քանի որ լրագրողական ազատությունը ներառում է նաև որոշակի չափազանցություն։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանման ժամանակ լրագրողներին թույլատրվում է նաև որոշակի չափով սադրանք և նույնիսկ վիրավորական լեզվի օգտագործում, եթե դա անհրաժեշտ է տվյալ հրապարակման համատեքստում։ Սակայն լրագրողները չպետք է օգտագործեն չափազանց վիրավորական բառապաշար բացասական կարծիքը արտահայտելիս։
Օրինակ Որևէ մեկին «հիմար» անվանելն ընդհանուր առմամբ անթույլատրելի կլիներ լրագրողի համար։ Սակայն նման ձևակերպումը կարող է արդարացված լինել այնպիսի հրապարակման մեջ, որը արձագանքում է խորհրդարանի անդամի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունների հերոսացմանը կամ դրանց ժխտմանը։