Դուք լիարժեքորեն իրավունք ունեք ձեր կյանքը վայելելու առանց ատելության հիմքով հանցագործությունների և/կամ ատելության խոսքի բախվելու։ Ցավոք, ատելության հիմքով հանցագործություններն ու ատելության խոսքի դրսևորումները տեղի են ունենում ամեն օր և իրականացվում են ոչ միայն անհատների, այլև երբեմն պետական պաշտոնյաների կողմից։ Հետևաբար, կարևոր է կարողանալ տարբերել ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեպքերը և իմանալ՝ ինչպես պաշտպանել ձեր իրավունքները։
Ատելության խոսքն ու ատելության հիմքով հանցագործությունները որոշ ընդհանուր հատկանիշներ ունեն։ Մասնավորապես, երկուսն էլ պայմանավորված են ատելությամբ կամ անհանդուրժողականությամբ որոշակի հատկանիշներ ունեցող անհատների կամ խմբերի նկատմամբ։
Ատելության խոսքը ցանկացած դրսևորում է, որը ներառում է ատելության կամ բռնության հրահրում, տարածում կամ արդարացում անհատների կամ խմբերի նկատմամբ՝ հիմնված նրանց որոշակի հատկանիշների վրա։ Այն չի պաշտպանվում արտահայտվելու ազատության ներքո։ Սա նշանակում է, որ պետությունը օրինական հիմքով կարող է կանխել և պատժել ատելության խոսքի դրսևորումները։
օրինակ Մարդկանց մի խումբ չթույլատրված հանրային հավաք է անցկացրել տեղի եկեղեցու մոտ, որտեղ նրանք քրիստոնյաներին ուղղված վիրավորական արտահայտություններ էին օգտագործում։
Ատելության հիմքով հանցագործությունները քրեական հանցագործություններ են, որոնք դրդված են հասարակության որոշ խմբերի նկատմամբ ունեցած կողմնակալ վերաբերմունքից։ Այս հանցագործությունները տարբերվում են մյուս հանցագործություններից հենց դրդապատճառի պատճառով։
օրինակ Նույնասեռկան զույգի բնակարանը կոտրել ու ավերել են։ Հանցագործը թողել է գրություն՝ պարունակող հոմոֆոբ վիրավորական արտահայտություններ։
Ատելության հիմքով հանցագործություններն ու ատելության խոսքը և մարդու իրավունքները
Ատելության հիմքով կատարված հանցագործություններն ու ատելության խոսքը դեմ են ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ Դրանք հրահրում կամ արդարացնում են անհանդուրժողականությունը կոնկրետ մարդկանց նկատմամբ այն պատճառով, որ իրենց որոշակի հատկանիշների պատճառով այդ մարդկանց պետք է վերաբերվել ավելի անբարենպաստ ձևով։ Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների կամ ատելության խոսքի դրսևորումների իրավիճակներում կարող են խախտվել բազմաթիվ մարդու իրավունքներ։ Օրինակ՝ կյանքի իրավունքը, անմարդկային կամ արանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքն, արդար դատաքննության իրավունքը, արտահայտվելու ազատությունը և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը։
Այս ուղեցույցի մասին
Այս ուղեցույցը բացատրում է, թե ինչպես կարող եք ճանաչել ատելության հիմքով հանցագործություններն ու ատելության խոսքը, ինչպես նաև՝ ինչ իրավունքներ ունեք, եթե ինքներդ հայտնվեք ատելության հողի վրա կատարված հանցագործության կամ ատելության խոսքի թիրախում։