Ատելության հիմքով հանցագործությունները քրեական հանցագործություններ են, որոնց դրդապատճառը հասարակության որոշ խմբերի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքը կամ թշնամանքն է։ Այս հանցագործությունները տարբերվում են այլ հանցագործություններից դրդապատճառով։ Ատելության հիմքով հանցագործությունները կարող են տարբեր կերպ դրսևորվել։

Հանցագործություններն ու ավելի փոքր իրավախախտումները առօրյա երևույթ են։ Սակայն այն հանցագործությունները և իրավախախտումները, որոնք կանխակալ պատճառներ ունեն, պետք ավելի լրջորեն դիտարկել, քանի որ դրանք ավելի վտանգավոր են ամբողջ հասարակության համար։

օրինակ Մուսուլմանական համայնքային կենտրոնի վրա հարձակումն իրականացվել է մուսուլմաններին սպառնալու նպատակով։

Եթե ատելության հիմքով դրդված հանցագործություն է իրականացվել, ապա պետությունն ոչ միայն դրական պարտավորություն ունի այն արդյունավետությամբ և համակողմանիորեն քննելու, այլև լրացուցիչ պարտականություն ունի ողջամիտ բոլոր քայլերը ձեռնարկել՝ կանխակալ դրդապատճառները բացահայտելու համար։ Անհրաժեշտ է նաև ապահովել, որ հանցագործության զոհ դարձած անձը կամ խումբը չկորցնի վստահությունը իրենց պաշտպանող մարմինների նկատմամբ։

Ատելության հիմքով դրդված հանցագործությունները զոհի վրա ունեն մեծ ազդեցություն, քանի որ դրանք ուղղված են զոհի ինքնության դեմ․ զոհը իրեն զգում է խոցելի և ավելի մեծ հոգեբանական վնաս է կրում։ Զոհի նույն առանձնահատկությունն ունեցող համայնքը ևս կարող է վախեցած և ահաբեկված զգալ։

օրինակ Եթե հարձակման է ենթարկվում մուսուլմանական համայնքային կենտրոնը, մուսուլման համայնքը կարող է ավելի շատ մեկուսանալ՝ չեղարկելով համայնքային միջոցառումները, փակելով մզկիթները հանրության համար և ձեռնարկելով այլ պաշտպանական միջոցառումներ։

Ատելության հիմքով դրդված հանցագործություններ և մարդու իրավունքները

Ատելության հիմքով դրդված հանցագործությունները հիմնականում ազդում են սոցիալապես խոցելի խմբերի վրա և կարող են սոցիալական պառակտումը զոհի խմբի և ընդհանուր հասարակության միջև ավելի խորացնել։ Այս պատճառով նման հանցագործությունները չպետք է դիտվեն որպես սովորական հանցագործություններ։ Դրանք պահանջում են կանխարգելիչ հատուկ միջոցառումներ և ճանաչման, քննության ու աջակցության առանձնահատուկ հմտություններ։

Զոհի իրավունքների պաշտպանության ձախողումը կարող է հանգեցնել կյանքի իրավունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի, արդար դատաքննության իրավունքի և խտրականության արգելքի խախտման։

Այս բաժնի մասին

Այս բաժնում կարող եք իմանալ, թե որ հանցագործությունները կարող են դիտարկվել որպես ատելության հիմքով հանցագործություններ, պատասխանատվության տարբեր տեսակների, զոհի կարգավիճակի և օգնություն ստանալու հնարավորությունների մասին։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025