Ի՞նչ են մարդու իրավունքները

Մարդու իրավունքները այն հիմնական ստանդարտներն են, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մարդը կարողանա ապրել անվտանգ և արժանապատիվ կյանքով։

Մարդու իրավունքները պաշտպանում են մեր կյանքն ու ամբողջականությունը հնարավոր վնասից՝ հնարավորություն տալով ազատ ապրել և տարբեր տեսակի գործունեություն իրականացնել՝ արտահայտվել, սովորել, նոր տեղեկություններ ստանալ, հանդիպել ընկերների և համախոհ մարդկանց հետ և այլն։

Մարդու իրավունքների իրական և գործնական իրականացումն ապահովելու համար պետությունները պարտավորություն են ստանձնել տեղայնացնել դրաք և ապահովել դրաց պաշտպանությունն անհրաժեշտ օրենքների ընդունման միջոցով։

Հայաստանի Հանրապետությունում մարդու հիմնարար իրավունքներն իրենց ամենահիմնական ձևով ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։

Ըստ Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանդիսանում են հանրային իշխանության պարտականությունները։

Հանրային իշխանությունը կաշկանդված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն կիրառելի իրավունք։
Բացի այդ, կան նաև այլ օրենքներ, որոնք ավելի մանրամասն բացատրում են, թե յուրաքանչյուր իրավունք ինչ է նշանակում, ինչպես նաև՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ արգելված։

Օրինակ Սահմանադրությունը սահմանում է, որ դուք ունեք ազատորեն ձեր կարծիքը արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է կարծիք ունենալու ազատություն, ինչպես նաև՝ տեղեկություններ և գաղափարներ որոնելու, ստանալու և ցանկացած միջոցով տարածելու ազատություն, առանց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից։ Բայց Սահմանադրությունն ավելացնում է, որ կարծիք արտահայտելու ազատությունը կարող է սահմանափակվել օրենքով՝ պետության անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, ուրիշների պատվի և արժանապատվության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ազատ արտահայտման իրավունքի շրջանակում չի կարող համարվել այն հրապարակային հայտարարությունը, որը նպատակ ունի նվաստացնելու անձի պատիվը, արժանապատվությունը կամ բիզնեսի համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով։ Նման գործողությունը կարող է համարվել վիրավորանք և չպաշտպանվել արտահայտվելու ազատության իրավունքով։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/11/2025