Պետությունը մարդու իրավունքների հիմնական երաշխավորն է և լիազորություն ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քո իրավունքների պաշտպանության համար։
Հետևաբար, երբ քեզ հետ ինչ-որ բան է տեղի ունենում, հիմնական պատասխանատվությունն ընկնում է հենց պետության վրա։
Դու ունես քո խախտված իրավունքների և ազատությունների դատական արդյունավետ պաշտպանության իրավունք։
Մարդու իրավունքների խախտման հանգեցնող իրավիճակ կարող է առաջանալ հետևյալ դեպքերում.
Պետության կողմից խախտում
Մարդու իրավունքներն ու ազատությունները վերաբերում են բացառապես մարդու և պետության միջև առկա հարաբերություններին (այսպես կոչված՝ ուղղահայաց հարաբերություններ) և չեն կիրառվում նույն ձևով մարդկանց միջև առկա հարաբերությունների դեպքում (այսպես կոչված՝ հորիզոնական հարաբերություններ)։
Այսպիսով, մարդու իրավունքների խախտումը կարող է իրականացվել այն անձանց կողմից, ովքեր գործում են պետության անունից, և նրանց վարքը համարվում է պետության վարք։
Այդ ներկայացուցիչները կարող են տարբեր լինել՝ պետական կամ համայնքային մարմինների աշխատողներ, ոստիկաններ, դատախազներ, դատավորներ և այլն։
Օրինակ Քո արդար դատաքննության իրավունքը խախտվել է, եթե դատավորը թույլ չի տվել դատարանում ներկայացնել քո փաստարկները, այն դեպքում, երբ օրենքը դա նախատեսում էր, սակայն մյուս կողմին նման հնարավորություն տրվել է։ Այս դեպքում պետությունը ուղղակիորեն խախտել է քո մարդու իրավունքները, քանի որ դատարանը (և դատավորը) հանդիսանում են պետական համակարգի մաս։
Պետության կողմից չպաշտպանելը
Պետությունը չի կատարել իր պարտականությունը՝ քեզ պաշտպանելու այն դեպքում, երբ նման պարտավորություն ուներ։
Այս իրավիճակում խնդիրն առաջանում է քո և մեկ այլ մասնավոր անձի միջև, և պետությունը պարտավոր էր միջամտել քեզ պաշտպանելու համար, սակայն անտեսել է դա։
Օրինակ Եթե քեզ վրա հարձակվել են փողոցում, պետությունը պարտավորություն ունի հետաքննելու այդ հանցագործությունը և ոստիկանության և դատախազության միջոցով պատժելու մեղավոր անձին։ Կարևոր է տարբերակել՝ հարձակվողի վարքը հանցագործություն է, բայց ոչ մարդու իրավունքների խախտում։ Սակայն եթե ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետաքննել այդ հանցագործությունը, և դու մնացել ես անպաշտպան, ապա դա արդեն մարդու իրավունքների խախտում է։
Կարևոր Հասարակության այլ անդամի հետ ունեցած ցանկացած բացասական փոխազդեցություն կամ միջադեպ դեռևս մարդու իրավունքների խախտում չի նշանակում։ Պետությունը պարտավոր չէ միջամտել յուրաքանչյուր նման իրավիճակում։
Օրինակ Դու կարող ես վիրավորվել կամ նեղանալ հարևանի անքաղաքավարությունից կամ այն բանից, որ նա չի արձագանքում՝ ավելի հանգիստ պահելու քո խնդրանքին։ Բայց պետությունը սովորաբար նման իրավիճակներում չի միջամտում, և դա չի համարվում մարդու իրավունքների խախտում։