Տեղեկանալ ավելին ամենակարևոր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին.
Կյանքի իրավունք
Կյանքի իրավունքը ենթադրում է, որ դու պետք է ապրես այնպիսի պայմաններում, որտեղ քո կյանքը կամայականորեն վտանգված չէ։
Նաև ենթադրում է, որ պետական մարմինները կարող են կամայականորեն խախտել քո կյանքի իրավունքը։
Օրինակ Երբ ոստիկանությունը փորձում է ձերբակալել քեզ, նա չի կարող սպանելու նպատակով կրակ արձակել, եթե հնարավոր է քեզ բռնել առանց այդ գործողության։
Պետական մարմինները նաև պարտավոր են քեզ պաշտպանել այն անձանցից, ովքեր կարող են քո կյանքին սպառնալ, ինչպես նաև՝ արդյունավետորեն հետաքննել և պատժել նրանց, ովքեր փորձում են դա իրականացնել։
Այս իրավունքը երաշխավորում է, որ ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, իսկ մահապատիժը՝ արգելված է։
Խոշտանգումների արգելք
Խոշտանգումների արգելքը ենթադրում է, որ չի թույլարվում անձին ենթարկել դաժան, նվաստացուցիչ կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ պատճառելով ֆիզիկական կամ հոգեբանական ցավ կամ տառապանք։
Այնպես, ինչպես կյանքի իրավունքի դեպքում, պետական մարմինները պարտավոր են զերծ մնալ թե խոշտանգումներ իրականացնելուց, և թե հետաքննել քո կողմից ներկայացված ցանկացած բողոք և պաշտպանել քեզ այն անձանցից, ովքեր կարող են բռնություն իրականացնել։
Խոշտանգումների արգելքը երաշխավորում է նաև, որ անգամ ազատությունից զրկված լինելու դեպքում դու ունես մարդասիրական վերաբերմունքի իրավունք։
Օրինակ Բանտերը, ոստիկանության բաժանմունքները և բոլոր այն վայրերը, որտեղ կարող ես ձերբակալվել կամ կալանավորվել, պետք է ապահովեն նվազագույն պայմաններ, անհրաժեշտ միջոցներ և արժանապատիվ վերաբերմունք։
Ազատության իրավունք
Ֆիզիկական ազատության իրավունքը նշանակում է, որ քո անձնական ազատությունը չի կարող սահմանափակվել առանց հիմքի։
Այն դեպքերը և ընթացակարգերը, երբ և ինչպես դա կարող է արվել, պետք է հստակ սահմանված լինեն օրենքով։
Օրինակ Եթե դու հանցագործություն ես կատարել, օրենքով սահմանված հիմքով կարող ես ազատազրկման ենթարկվել: Սակայն դա կարող է կատարվել միայն իրավասու դատարանի որոշմամբ։
Ազատությունից զրկվելու դեպքում դու իրավունք ունես անհապաղ և քեզ հասկանալի լեզվով տեղեկացվելու՝ ազատությունից զրկվելու հիմքերի կամ ներկայացված մեղադրանքի մասին։
Արդար դատաքննության իրավունք
Արդար դատաքննության իրավունքը նշանակում է, որ դատարան դիմելու դեպքում դու իրավունք ունես, որ քո գործը քննվի արդար, անկողմնակալ և օբյեկտիվ ձևով։
Արդար դատաքննությունը երաշխավորում է, որ դատաքննությունը հավասար է բոլոր կողմերի համար՝ դու իրավունք ունես ներկայացնելու քո փաստարկները, բացատրությունները, ունենալու պաշտպան և այլն։
Արգելվում է օգտագործել ապացույցներ, որոնք ձեռք են բերվել մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ։
Սահմանադրությամբ երաշխավորված և օրենքով նախատեսված դեպքերում դու կարող ես պետական միջոցների հաշվին ստանալ նաև անվճար իրավաբանական օգնություն:
Գույքային իրավունք
Գույքային իրավունքը ենթադրում է, որ դու կարող ես խաղաղ ու անխախտ կերպով վայելել քո ունեցվածքը։
Դա ներառում է այն իրավունքը, որ դու կարող ես օգտագործել, զարգացնել, վաճառել, ոչնչացնել կամ տնօրինել քո գույքը քո հայեցողությամբ։
Պետական մարմինները չպետք է միջամտեն քո գույքի օգտագործմանը՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք հստակ սահմանված են օրենքով։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ գույքային իրավունքների սահմանափակումը կարող է իրականացվել հանրային գերակա շահի նպատակով միայն բացառիկ դեպքերում, օրենքով սահմանված կարգով և նախօրոք տրված համարժեք փոխհատուցմամբ։
Օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանում չեն կարող հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալ։
Գույքի իրավունքը ներառում է նաև ժառանգելու իրավունքը։
Անձնական և ընտանեկան կյանքի իրավունք
Անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը շատ ընդգրկուն է։
Այն ներառում է քո իրավունքը՝ որոշելու, թե ինչպես կառուցել և վարել ընտանեկան կյանքը, ում հետ ժամանակ անցկացնել, պաշտպանում է քո տան և նամակագրության անձեռնմխելիությունը, ինչպես նաև երաշխավորում է ինքնուրույն որոշումներ կայացնելու քո ազատությունը։
Այս իրավունքը, սակայն, կարող է սահմանափակվել օրենքով՝ հանրային կարգը կամ պետական անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Այդ դեպքում պետք է հավասարակշռվեն բոլոր կողմերի շահերն ու իրավունքները։
Արտահայտվելու ազատություն
Արտահայտվելու ազատությունը նշանակում է՝ իրավունք ունենալ փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկություններ ու գաղափարներ՝ առանց վախի կամ միջամտության։
Այն կարևոր է անձնական զարգացման և արժանապատվության ապահովման համար։
Այս իրավունքը, որոշ դեպքերում, ինչպես անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, կարող է սահմանափակվել օրենքով սահմանված հիմքերով։