Սովորիր ավելին ամենակարևոր սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին.
Ըստ Սահմանադրության՝ պետությունը պարտավոր է սոցիալական իրավունքների շրջանակում երաշխավորել հետևյալը՝
- Աշխատանքի պայմաններ
- Սոցիալական ապահովություն
- Արժանապատիվ գոյության և նվազագույն աշխատավարձի ապահովում
- Առողջապահություն։
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության հիմնական նպատակներից են՝ հաշմանդամության կանխարգելումը, հաշմանդամություն ունեցող անձանց առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև նրանց մասնակցության խթանումը հասարակական կյանքին։
Սնունդ և ջուր
Սննդի և ջրի իրավունքը նշանակում է, որ պետությունը պետք է կազմակերպի տնտեսությունն այնպես, որ սնունդն ու ջուրը երկրում լինեն մատչելի և սպառման համար ապահով։
Սա չի նշանակում, որ պետությունը պարտավոր է անվճար կերպով բոլորին ապահովել ջրով և սննդով։
Օրինակ Պետությունը պետք է բարելավի բիզնես միջավայրը, խթանի ձեռնարկատիրությունը, ապահովի բնակչության զբաղվածությունը և աշխատանքային պայմանների բարելավումը։
Առողջություն
Առողջության իրավունքը նշանակում է, որ պետությունը պարտավոր է անել ամեն հնարավոր բան՝ արդյունավետ առողջապահական համակարգի գոյությունը ապահովելու համար։
Սա չի նշանակում, որ բոլորս պետք է լինենք առողջ կամ որ պետությունը պարտավոր է ապահովել բոլորի առողջությունը։ Մենք բոլորս տարբեր ենք և ունենք տարբեր առողջական կարիքներ։
Նաև չի նշանակում, որ պետությունը պարտավոր է բոլոր բժշկական ծառայությունները մատուցել անվճար։
Սահմանադրությունը երաշխավորում է, որ որոշ խմբերի համար և որոշ դեպքերում հիմնական բժշկական ծառայությունները տրամադրվում է անվճար։
Կարևոր է, որ ոչ ոք չզրկվի առողջապահական ծառայություններին հասանելիությունից խտրականության որևէ հիմքով։
Իդեալական տարբերակում պետությունը պետք է ապահովի, որ նաև քիչ եկամուտ ունեցող անձինք կարողանան օգտվել անհրաժեշտ բժշկական ծառայություններից։
Բացի այդ՝ պետությունը պարտավոր է վերահսկել, որ մատուցվող բժշկական ծառայությունները՝ թե՛ հանրային, թե՛ մասնավոր, լինեն որակյալ։
Կրթություն
Կրթության իրավունքը նշանակում է, որ պետությունը պարտավոր է ապահովել միջավայր, որտեղ կարող է զարգանալ բոլորի համար հասանելի արդյունավետ և որակյալ կրթական համակարգ։
Սա չի նշանակում, որ կրթությունը ամբողջությամբ պետք է լինի անվճար։
Հայաստանում նախնական և հիմնական կրթությունը պարտադիր է և անվճար։
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում նույնպես անվճար է, սակայն ոչ պարտադիր։
Քաղաքացիների և օտարերկրացիների ընտրությամբ բարձրագույն և բարձրագույն մասնագիտական կրթությունը երաշխավորվում է։
Պետությունը նաև պարտավոր է ապահովել, որ հնարավոր լինի իրականացնել մասնավոր կրթությունն նրանց համար, ովքեր ցանկանում և կարող են վճարել դրա համար։
Բացի այդ՝ պետությունը պետք է անի առավելագույնը, որպեսզի կրթության բովանդակությունը լինի բազմակողմանի և ուղղված մարդու անհատականության լիարժեք զարգացմանը։
Կրթությունը պետք է լինի հնարավորինս մատչելի, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։
Աշխատանք
Աշխատանքի իրավունքը նշանակում է, որ դու աշխատելու և քո ցանկությամբ աշխատանք փնտրելու իրավունք ունես։
Սա չի նշանակում, որ պետությունը պարտավոր է քեզ համար աշխատանք գտնել կամ ապահովել այն աշխատավարձը, որը դու ես ցանկանում։
Այն նաև նշանակում է, որ պետությունը պետք է հաստատի այնպիսի կանոնակարգեր, որոնք երաշխավորում են անվտանգ, առողջ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ՝ արդար վարձատրություն, ինչպես նաև՝ արհմիություններում միավորվելու աշխատողների իրավունքը։
Պետությունը պետք է գործազրկությունը նվազեցնելու համար անի ամեն հնարավորը։
Սահմանադրությամբ երաշխավորվում են նաև՝ առավելագույն աշխատանքային ժամերի սահմանափակում, օրական և շաբաթական հանգիստ, տարեկան վճարովի արձակուրդ։