Բոլոր մարդիկ իրավունք ունեն մարդու իրավունքների։
Ամեն ինչ, ամենուր
Բոլոր մարդիկ ունեն հիմնարար իրավունքներ և ազատություններ։
Հիմնարար իրավունքների իրականացման համար պետությունը պարտավոր է համապատասխան քաղաքականություն և օրենսդրություն ապահովել՝ դրանց արդյունավետ իրագործումը երաշխավորելու համար։
Իսկ ազատությունների դեպքում պետությունը պարտավոր է զերծ մնալ այն գործողություններից, որոնք կարող են բացասաբար սահմանափակել այդ ազատությունները։
Այս իրավունքները չեն ծագում և պայմանավորված չեն ձեր ազգությամբ, ռասայով, սեռով, սեռական կողմնորոշմամ, կամ նյութական դրությամբ:
Հիմնարար իրավունքներն ու ազատությունները չեն կարող սահմանափակվել կամ խտրականության ենթարկվել ազգային, ռասայական, սեռական, սեռական կողմնորոշման, նյութական վիճակի կամ նույնիսկ ենթադրյալ հանցավոր գործողությունների հիման վրա։
Երբեմն ենթադրվում է, թե միայն նրանք, ովքեր ոչ մի սխալ թույլ չեն տվել, ունեն իրավունքներ, իսկ մյուսները՝ ոչ։ Դա սխալ է։
Որոշ իրավունքներ կարող են երբեմն սահմանափակվել, սակայն մարդու իրավունքները որպես այդպիսին չեն կարող որևէ մեկից ամբողջությամբ վերցվել։
Օրինակ Եթե դուք հանցագործություն եք կատարել և հայտնվել բանտում, ձեր ազատությունը կսահմանափակվի՝ որպես պատժի մի մաս։ Բայց չի թույլատրվում ձեզ ծեծել, սովի մատնել կամ նվաստացնել։
Իրավունքների հավասարակշռում
Մարդու իրավունքները կարող են սահմանափակվել։ Մարդու իրավունքների սահմանափակման հիմքերը սահմանված են Սահմանադրությամբ, մասնավորապես՝
- Սահմանափակումը պետք է նախատեսված լինի օրենքով և հետապնդի պետության անվտանգության ապահովման նպատակ
- Պետք է նպատակ ունենա հանցագործությունների կանխարգելումը կամ բացահայտումը
- Պետք է միտված լինի հասարակական կարգի, առողջության և բարոյականության, ինչպես նաև ուրիշների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։
Ձեր որոշ իրավունքներ և ազատություններ կարող են սահմանափակվել՝ ուրիշների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և հասարակության ընդհանուր բարօրությունը պահպանելու նպատակով։
Օրինակ Եթե դուք հանցագործություն եք կատարել և վնասել մեկին, որպես պատիժ կարող եք բանտարկվել և զրկվել ձեր ազատությունից։ Կան ընդամենը մի քանի իրավունքներ, որոնք երբեք չեն կարող սահմանափակվել։ Խոշտանգումների և ստրկության կամ ծառայության ենթարկվելու արգելքը։ Խոշտանգումն ու ստրկացումը չեն կարող որևէ հանգամանքում արդարացվել։
Սահմանափակումներ
Մարդու իրավունքները չեն նշանակում, որ դուք կարող եք անել այն ամենը, ինչ ուզում եք։
Ամենահստակ ձևով կարելի է ասել՝ ձեր ազատությունները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշի իրավունքները։
Ձեր շահերն ու իրավունքները պետք է հավասարակշռվեն ուրիշների շահերի և իրավունքների հետ, և անհրաժեշտ է փոխզիջում գտնել։
Օրինակ Դուք չեք կարող առանց թույլտվության հավաք իրականացնել փողոցում և այդ կերպ փակել մարդկանց աշխատանքի գնալու ճանապարհը։ Սա չի նշանակում, որ դուք ընդհանրապես չեք կարող հավաք իրականացնել կամ որ ուրիշների աշխատանքի գնալու իրավունքն ավելի կարևոր է։ Բայց յուրաքանչյուր իրավիճակում պետք է գնահատվեն տարբեր մարդկանց շահերն ու իրավունքները և գտնվի հավասարակշռված լուծում։ Պետությունը պարտավոր է ձևավորել լիազորված մարմին՝ այդ գնահատումն իրականացնելու համար։
Հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակման միջոցը պետք է համաչափ լինի և բխի սահմանադրական նպատակների իրականացումից: