Դուք իրավունք ունեք բոլորի հետ հավասար պայմաններով իրացնել ձեր իրավունքները։ Սա նաև նշանակում է, որ դուք պաշտպանված եք խտրականությունից։ Ցավոք, խտրականության դեպքեր կարող են առաջանալ կյանքի տարբեր իրավիճակներում և գործադրվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ անհատների կողմից։ Ուստի կարևոր է կարողանալ ճանաչել խտրականությունը և իմանալ՝ ինչպես պաշտպանել ձեր իրավունքները։
Խտրականություն է տեղի ունենում այն դեպքերում, երբ նմանատիպ իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք նրաց որոշակի հատկանիշների հիման վրա, առանց օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման։ Ամենից հաճախ խտրականությունը դրսևորվում է սեռի, ռասայական կամ էթնիկ ծագման, հաշմանդամության, տարիքային պատկանելության, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիմքով։
օրինակ Եթե խորհրդարանը ընդունի օրենսդրություն, որով միայն տղամարդկանց, բայց ոչ կանանց, թույլատրվում է ծառայել ոստիկանությունում, դա խտրականություն է։ Եթե օրենսդրությունը նախատեսում է հավասար պաշտպանություն, սակայն պետական մարմինը մերժում է գործազրկության նպաստ տրամադրել հնդիկ մահմեդականներին, դա ևս խտրականություն է։ Սակայն, եթե ավելի երիտասարդ թեկնածուն ընտրվում է ավելի տարիքով թեկնածուից առաջ, դա կարող է չհամարվել խտրականություն, եթե ընտրված թեկնածուն ունի ավելի բարձր կրթություն և/կամ աշխատանքային փորձ։
Խտրականություն կարող է դրսևորվել նաև այն դեպքում, երբ էապես տարբեր իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ կիրառվում է նույն վերաբերմունքը։
Խտրականություն և մարդու իրավունքներ
Խտրականությունը հանգեցնում է մարդկանց բացառման, մերժման և նրանց իրավունքների սահմանափակման։ Այդ պատճառով խտրականությունն արգելված է մարդու իրավունքների օրենսդրությամբ։ Խտրականության առաջացման դեպքում կարող են խախտվել նաև այլ իրավունքներ՝ կյանքի իրավունքը, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, արդար դատաքննության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը։ կարդալ ավելին խտրականության և մարդու իրավունքների մասին։
Այս ուղեցույցի մասին
Այս ուղեցույցը բացատրում է, թե ինչպես կարող եք ճանաչել խտրականությունը և որոնք են ձեր իրավունքները, եթե ենթարկվել եք խտրականության։ Խտրականությունը ճանաչելը և ձեր իրավունքների մասին տեղեկացված լինելը կարող է օգնել ձեզ պատշաճորեն պատրաստվել գործողություններին։