Որպեսզի որևէ գործողություն կամ դրա որևէ տարր դիտարկվի որպես ատելության հիմքով դրդված հանցագործություն, այն պետք է պարունակի երկու տարր․ այն պետք է լինի օրենքով սահմանված իրավախախտում և պետք է ունենա կանխակալ դրդապատճառ։ Ատելությամբ պայմանավորված հանցագործությունները կարող են համարվել խտրականության ծայրահեղ դրսևորում։
Իրավախախտումը
Ատելության հիմքով հանցագործության առաջին տարրը իրավախախտումն է։ Ատելության հիմքով հանցագործությունը ինքնին առանձին իրավախախտում չէ․ դրա հիմքում պետք է լինի կոնկրետ անձի կամ անձանց խմբի նկատմամբ իրականացված որևէ գործողություն: Իրավախախտումը կարող է տարբեր դրսևորում ունենալ։ Սակայն այն պետք է օրենքով սահմանված լինի որպես հանցագործություն, վարչական խախտում կամ որևէ այլ իրավախախտում։
օրինակ Հիմնական իրավախախտումը կարող է արտահայտվել ծանր սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների, բռնաբարության, սպանության, գույքը վնասելու և այլ ձևերով։
Կարդալ պատասխանատվության տարբեր տեսակների մասին։
Դրդապատճառը
Երբ հաստատված է, որ տեղի է ունեցել իրավախախտում, ապա պետք է գնահատվի դրա դրդապատճառը։ Ատելության հիքով հանցագործությունը պայմանավորված է հասարակության որոշ խմբերի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքով։ Սա այն հիմնական հատկանիշն է, որով ատելության հիմքով պայմանավորված հանցագործությունները տարբերվում են մյուս իրավախախտումներից։ Երբ կատարվում է նման հանցագործություն, կատարողը զոհին ընտրում է այն հատկանիշների հիման վրա, որոնք վերջինս ունի։ Այդ հատկանիշը կարող է լինել լեզուն, կրոնը, ազգային պատկանելությունը, ռասան, սեռը, սեռական կողմնորոշումը, քաղաքական կամ այլ հայացքները, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ կամ այլ նմանատիպ գործոններ։
կարևոր Թեպետ ատելության հիմքով հանցագործությունների զոհերի մեծ մասը պատկանում է փոքրամասնություններին, պետք է նշել, որ մեծամասնության ներկայացուցիչներն էլ կարող են դառնալ նման հանցագործությունների զոհ։
Թիրախը կարող է լինել մեկ կամ մի քանի անձ, կամ նաև գույք, որը կապ ունի տվյալ առանձնահատկություն ունեցող խմբի հետ։
օրինակ Եթե հրկիզվել է նույնասեռականների ակումբի նկատմամբ, պետությունը պետք է քննություն անցկացնի՝ պարզելու, արդյոք միջադեպը կարող է դիտարկվել որպես ատելության հիմքով հանցագործություն։ Սակայն այն միայն այդպիսին կհամարվի, եթե հրկիզողը ակումբը այրել է՝ ԼԳԲՏ+ համայնքի կամ դրա անդամների նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի պատճառով։
Կարդալ ավելին ատելության հիմքով հանցագործությունների հնարավոր զոհերի և հիմքերի մասին։
Պետության պարտավորությունները
Նույնիսկ մինչև ատելության հիմքով հանցագործությունն իրականացվել է, պետությունը պարտավոր է պաշտպանել անհատներին նման հանցագործություններից և ապահովել հասարակության մեջ ընդհանուր կարգն ու անվտանգությունը։
Եթե կատարվել է ատելության հիմքով հանցագործություն, պետական մարմինները պետք է իրականացնեն արդյունավետ քննություն՝ պարզելու դրա պատճառը և բացահայտելու մեղավորներին։ Պետական մարմինները լրացուցիչ պարտականություններ ունեն այն դեպքերում, երբ հանցագործությունը կարող է դիտարկվել որպես ատելության հիմքով իրականացված, նրանք պետք է ապահովեն, որ քննությունն իրականացվի արդյունավետ և անաչառ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով սահմանված է, որ եթե իրականացված հանցագործությունն ունի այնպիսի շարժառիթ, ինչպիսին է օր.՝ ռասայական, կրոնական կամ այլ ատելության հիմքը, ապա այն համարվում է պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։
Կարևոր է, որ պետական մարմիններն իրականացնեն բոլոր ողջամիտ քայլերը՝ հանցագործության շարժառիթը բացահայտելու և պարզելու համար և թե արդյոք կանխակալ վերաբերմունքը դեր է խաղացել այդ հանցագործության համար։
Քանի որ ատելության հիմքով հանցագործությունները կարող են ազդել ոչ միայն անմիջական զոհերի, այլ նաև նույն հատկանիշը կրող ամբողջ խմբի վրա, պետական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու այդ խմբի վստահությունը իրենց պաշտպանելու արդյունավետության նկատմամբ։
Մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ կարող են լինել։
Ատելության հիմքով հանցագործությունները կարող են ազդել մարդու իրավունքների վրա՝ ինչպես զոհերի, այնպես էլ իրականացնողների։
Պետությունը պետք է ապահովի զոհերի իրավունքների պաշտպանությունը։ Սա ներառում է արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորություն և զոհերին օգնության տրամադրումը։ Եթե ոստիկանությունը պատշաճ չի արձագանքում ատելության հիմքով հանցագործություններին, ապա դա կարող է հանգեցնել կյանքի իրավունքի կամ անմարդկային վերաբերմունքի արգելքի խախտման։
օրինակ Եթե զոհը սպանվել է, պետությունը պարտավոր է իրականացնել արդյունավետ քննություն՝ պարզելու մահվան պատճառը, հնարավոր շարժառիթը և հնարավորության դեպքում հայտնաբերելու մեղավորներին։
Եթե ատելության հիմքով հանցագործությունը քննող պետական մարմինները կամ դատարանները չեն պահպանում օրենքով սահմանված ընթացակարգերը, կամ դատավարությունը չափազանց երկար է տևում, սա կարող է խախտել արդար դատաքննության իրավունքը։
Հանցագործության ենթադրյալ հեղինակի իրավունքները ևս հիմնականում կապված են արդար դատաքննության իրավունքի հետ։
օրինակ Անձը չի կարող մեղավոր ճանաչվել, քանի դեռ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սա կոչվում է «անմեղության կանխավարկած»։
Ատելության հիմքով հանցագործությունները կարող են համարվել խտրականության ամենածայրահեղ դրսևորումը։ Բավարար խստությամբ նման հանցագործությանն արձագանքելու պետության ձախողումը, կարող է հանգեցնել խտրականության արգելքի խախտման՝ համատեղված մարդու այլ իրավունքների հետ։