Որպես տուժող՝ դուք իրավունք ունեք փոխհատուցում պահանջել այն վնասի համար, որը կրել եք ատելության հիմքով հանցագործության հետևանքով։ Փոխհատուցումը կարող է վերաբերվել ֆիզիկական կամ բարոյական վնասին և/կամ վնասված կամ կորցրած գույքին։

Փոխհատուցման պահանջ՝ դատավարության ընթացքում

Հայաստանում դուք կարող եք փոխհատուցման պահանջ ներկայացնել քրեական վարույթի նախաքննության ցանկացած փուլում։ Առաջին ատյանի դատարանում դատաքննության սկզբում փոխհատուցման պահանջը կարող եք ներկայացնել միայն մինչև այն պահը, երբ դատարանը սկսի ապացույցների քննությունը։

Փոխհատուցում կարող եք պահանջել հետևյալ վնասների համար՝

  • վնասված կամ կորցրած գույք

օրինակ Վնասված ավտոմեքենա կամ հիվանդանոցում բուժման համար կատարված ծախսեր։

  • բարոյական վնաս (ոչ-գույքային վնաս)
  • ֆիզիկական վնասվածք

օրինակ Եթե դուք առևանգվել եք և պահվել գերության մեջ, կարող եք պահանջել փոխհատուցում կրած բարոյական վնասի համար՝ օրինակ՝ անհանգստություն, վախ, սթրես, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստ։

Բացի այդ, եթե հանցագործության հետևանքով ֆիզիկական վնասվածք եք ստացել, կարող եք պահանջել նաև դրա հետ կապված բարոյական վնասի փոխհատուցում։

Փոխհատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի երեք հազարապատիկը։

Փոխհատուցման չափ

Դատարանը բարոյական վնասի չափը որոշելիս հաշվի է առնում՝

  • հանցագործության ծանրությունը
  • կրած վնասվածքները և դրանց հետևանքները
  • հնարավոր հոգեբանական տրավման
  • այլ համապատասխան հանգամանքներ

Քաղաքացիական հայց

Եթե դուք փոխհատուցման պահանջ չեք ներկայացրել քրեական դատավարության ընթացքում, կամ ցանկանում եք փոխհատուցում ստանալ վարչական իրավախախտման հետևանքով կրած վնասի համար, կարող եք քաղաքացիական հայց ներկայացնել։

Եթե դուք վնաս եք կրել վարչարարության հետևանքով, ապա, փոխհատուցման համար կարող եք դիմել վարչական մարմնին։ Եթե դիմումը մերժվի, ապա կարող եք հայց ներկայացնել վարչական դատարան։

Քաղաքացիական հայց կարող եք ներկայացնել նույնիսկ այն դեպքում, եթե քրեական դատարանը արդարացրել է մեղադրյալին։

Փոխհատուցում և մարդու իրավունքներ

Տուժողների համար փոխհատուցումը ատելության հիմքով հանցագործությունների համարժեք իրավական պաշտպանության կարևոր բաղադրիչներից է։

Ուստի պետությունը պարտավոր է ապահովել իրավական դաշտ, որը հնարավորություն է տալիս ներկայացնել նման պահանջ, և ապահովել, որ փոխհատուցման պահանջները քննվեն համապատասխան պետական մարմինների կողմից՝ օրենքին համապատասխան։

Փոխհատուցման իրավական մեխանիզմների բացակայությունը կամ պետական մարմինների կողմից փոխհատուցման տրամադրման պարտականության չկատարումը կարող է հանգեցնել արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտման։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/12/2025