Ինչ է խտրականությունը

Խտրականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով և կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Ուստի կարևոր է կարողանալ ճանաչել այն իրավիճակները, որոնցում առկա է խտրականություն, և իմանալ՝ արդյոք դուք իրավունք ունեք բողոք ներկայացնելու և ինչպես։

Խտրականություն է տեղի ունենում այն դեպքում, երբ անձը ենթարկվում է տարբերակված, անարդար վերաբերմունքի՝ առանց օբյեկտիվ հիմքի, միայն այն հատկանիշների համար, որոնք նա կրում է։ Խտրականությունը դրսևորվում է այն դեպքերում, երբ անձի հմտությունները, կարողությունները և հանգամանքները անհատապես չեն գնահատվում, այլ փոխարենը կիրառվում են բացասական վերաբերմունք կամ կարծրատիպային ենթադրություններ՝ հիմնված անձի հատկանիշների վրա, ինչպիսիք են՝ ռասա, էթնիկ ծագում, կրոն կամ համոզմունք, սեռ (գենդեր), լեզու, սեռական կողմնորոշում, հաշմանդամություն, տարիք կամ այլ կարգավիճակ։

Խտրականությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, կարող է տեղի ունենալ կյանքի տարբեր ոլորտներում և կարող է դրսևորվել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ առանց դիտավորության։ Խտրականության հետևանքով մարդիկ կարող են ենթարկվել բացառման, մերժման և իրենց իրավունքների սահմանափակման։

Խտրականություն և մարդու իրավունքներ

Դուք իրավունք ունեք իրացնել ձեր իրավունքները հավասար հիմունքներով՝ առանց խտրականության։ Խտրականության արգելքը հանդիսանում է մարդու իրավունքների ամբողջ համակարգի հիմնարար սկզբունք։

Տարբեր օրենքներ տարբեր չափով պաշտպանություն են սահմանում խտրականությունից։

Մարդու իրավունքների ոլորտում հավասարության և խտրականության արգելքի իրավունքը պաշտպանված է երկու ձևով։ Որոշ օրենքներում խտրականության արգելքը ինքնուրույն սահմանված չէ, այլ կիրառվում է միայն տվյալ օրենքում ամրագրված այլ իրավունքների և ազատությունների պաշտպանման համատեքստում։ Օրինակ՝ պետությունը պետք է հարգի ձեր անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, արդար դատաքննության իրավունքը և այլ իրավունքներ՝ առանց խտրականության։

Հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները նշանակում են, որ ձեր իրավունքները իրացնելու և, խախտման դեպքում, դրանք պաշտպանելու համար ձեզ պետք է տրամադրվեն հավասար հնարավորություններ։

օրինակ Այս մոտեցումը կարելի է տեսնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը նախատեսում է, որ առանց որևէ հիմքով խտրականության պետք է ապահովվեն Կոնվենցիայով պաշտպանված իրավունքների ու ազատությունների իրացումը: Հետևաբար, խտրականության վերաբերյալ բողոքը կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ կապ ունի Կոնվենցիայի մեկ այլ իրավունքի հետ։

Որոշ օրենքներում, սակայն, խտրականության արգելքը ինքնուրույն, առանձին իրավունք է և կապված չէ տվյալ օրենքում ամրագրված այլ իրավունքների հետ։ Այս իրավունքը պամանավորված չէ այն հանգամանքով, թե արդյոք որևէ այլ իրավունք գոյություն ունի և խախտվել է, թե ոչ։

օրինակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է, որ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքային պատկանելության կամ այլ անձնական կամ սոցիալական հանգամանքների հիմքով խտրականությունը արգելվում է։

Պետության պարտականությունները

Խտրականության արգելքը ներառում է պետության՝ ինչպես բացասական, այնպես էլ դրական պարտականությունները։

Բացասական պարտականությունը նշանակում է, որ պետությունը, այսինքն՝ պետական մարմինները, չպետք է խտրականություն դրսևորեն։ Սա նշանակում է, որ պետությունը պետք է խուսափի այնպիսի օրենքներ, քաղաքականություններ կամ ծրագրեր ընդունելուց, որոնք խտրական են, և որ պետական մարմինները չպետք է խտրական կերպով կիրառեն գործող օրենքները։

Օրինակ՝ խորհրդարանը չի կարող ընդունել օրենք, որով միայն տղամարդկանց է թույլ տրվում աշխատել ոստիկանությունում, բայց ոչ կանանց: Պետական մարմինը չի կարող գործազրկության նպաստ մերժել միայն նրա համար, որ դիմողը հնդիկ է։

Սակայն հավասարություն ապահովել հնարավոր չէ, եթե պետության պարտականությունները սահմանափակվեն միայն խտրականությունը բացառելով:

Հետևաբար, պետությունն ունի նաև դրական պարտականություն, որը պահանջում է, որ պետությունը նաև ապահովի, որ խտրականություն չդրսևորվի այլ անձանց գործողությունների միջոցով։ Այդ դեպքերում պետք է ուսումնասիրել ոլորտային օրենքները, որոնք կարգավորում են համապատասխան հարաբերությունները և պաշտպանում են որոշ հատկանիշներ։

Օրինակ՝ Հայաստանում օրենքը նախատեսում է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ, ուստի կնոջը չի կարելի մերժել աշխատանք կամ ծառայություն միայն նրա սեռի պատճառով։

Որոշ դեպքերում պետությունը կարող է պարտավոր լինել ստեղծելու հատուկ պայմաններ՝ հավասարության խոչընդոտները վերացնելու համար։

Օրինակ՝ Հայաստանում գործատուն պարտավոր է հարմարեցնել աշխատավայրն այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, մինչդեռ նույն պահանջը չի կիրառվում անձանց նկատմամբ, որոնք հաշմանդամություն չունեն։

Այս բաժնի մասին

Այս բաժնում ներկայացված է տեղեկատվություն այն հիմքերի մասին, որոնց վրա խտրականությունը արգելվում է։ Բաժինը նաև կօգնի հասկանալ, թե որ տեսակներով կարող է դրսևորվել խտրականությունը։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/12/2025