Եթե անձի նկատմամբ դրսևորվում է անհավասար վերաբերմունք՝ նույն իրավիճակում գտնվող մեկ այլ անձի համեմատ, ռասայական կամ էթնիկ ծագման հիմքով, ապա դա կարող է հանգեցնել ռասայական կամ էթնիկ խտրականության։

Ի՞նչ է ռասայական խտրականությունը

Ռասայական կամ էթնիկ ծագումը վերաբերում է այն մարդկանց, որոնց նույնականացնում են ըստ ռասայի, մաշկի գույնի (մուգ կամ բաց), ծագման, ազգային կամ էթնիկ պատկանելության։ Երբեմն այս ծագումը կարող է հիմնված լինել պատմության ընդհանուր ընկալման, տարածքային ծագման (մարզային կամ ազգային), մշակութային առանձնահատկությունների, ինչպես օրինակ՝ լեզվի կամ կրոնի վրա, կամ նույն համայնքին, էթնիկ մեծամասնությանը կամ փոքրամասնությանը պատկանելու ընկալման վրա, օրինակ՝ լատվիացի, ռուս, հրեա, ռոմա և այլն։

Ռասայական կամ էթնիկ ծագումը տարբերվում է քաղաքացիությունից, որը կոնկրետ պետության հետ անձի իրավական կապն է։ Շատ իրավիճակներում քաղաքացիության հիմքով տարբերվող վերաբերմունքը թույլատրելի է։ Օրինակ՝ խորհրդարանի պատգամավոր ընտրվելու կամ պետական ծառայության ընդունվելու համար կարող է պահանջվել տվյալ երկրի քաղաքացիություն։ Սակայն այլ իրավիճակներում քաղաքացիության հիմքով խտրականությունն արգելվում է, օրինակ՝ որոշ քաղաքացիական, տնտեսական կամ սոցիալական իրավունքների հասանելիության ոլորտում։ Դա կարող է հանգեցնել նաև անուղղակի խտրականության՝ ռասայական կամ էթնիկ ծագման կամ կրոնի հիմքով։

Երբ կարող է ռասայի հիմքով խախտումը տեղի ունենալ

Խտրականության արգելքը խախտվում է, երբ անձին մերժվում են որոշ իրավունքներ և նրան վերաբերվում են ավելի լավ կամ ավելի վատ, քան մեկ այլ անձի՝ նրա ռասայական կամ էթնիկ ծագման պատճառով։ Խտրականությունն ունի դրսևորման տարբեր ձևեր, և այն միշտ չէ, որ բացահայտ է։ Ուստի կարևոր է կարողանալ ճանաչել խտրականության տարբեր դրսևորումները։

Ռասայի կամ էթնիկ ծագման հիմքով խտրականությունը կարող է դրսևորվել կյանքի բազմաթիվ ոլորտներում՝ զբաղվածություն, կրթություն, ապրանքների և ծառայությունների մատչելիություն, բնակարանային ոլորտ։

օրինակ Ռասայական խտրականություն է, եթե որևէ մեկին մերժում են ընդունել աշխատանքի, վարձով տուն տալ կամ թույլ չեն տալիս մտնել գիշերային ակումբ՝ մաշկի գույնի պատճառով։ Օրինակ՝ եթե անձին արգելում են մուտք գործել բար, քանի որ նա հայ է։

օրինակ Կրթության ոլորտում խտրականություն է, երբ ինչ–որ մեկին մերժվում է ընդգրկվել մասնավոր դպրոց, միայն նրա էթնիկ ծագման պատճառով, և դպրոցի տնօրենը կարծում է, որ մյուս ծնողները դժգոհ կլինեն։ Խտրական է նաև աշակերտներին առանձնացնել առանձին դասարանում՝ միայն էթնիկ պատկանելության հիմքով։ Օրինակ՝ ռոմա ծագում ունեցող աշակերտներ։

Խտրականություն տեղի չի ունենում, եթե կան ողջամիտ այլ հիմքեր մարդկանց տարբեր ձևով վերաբերվելու համար։

օրինակ Չինական ծագում ունեցող անձը կարող է ընտրվել Չինաստան գործուղման՝ այդ երկրի բիզնես մշակույթին ավելի լավ ծանոթ լինելու պատճառով։ Իտալական ծագում ունեցող անձին կարող են աշխատանքի ընդունել իտալական ռեստորանում՝ դրա իսկությունն ընդգծելու նպատակով։

Այս ուղեցույցում կարող եք կարդալ խտրականության դեպքերի ամենատարածված ոլորտների մասին

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/12/2025