Եթե նույն իրավիճակում գտնվող մեկ այլ անձի համեմատ մյուս անձին անհավասար են վերաբերվում, սեռի կամ գենդերի հիմքով, ապա այդ վերաբերմունքը կարող է հանգեցնել սեռի կամ գենդերի հիմքով խտրականության։
«Սեռ» հասկացությունը վերաբերում է անձի կենսաբանական վիճակին և կարող է նշանակել տղամարդ կամ կին, տղամարդկանց խումբ կամ կանանց խումբ, աղջիկներ կամ տղաներ։ Սեռը կարող է ներառել նաև գենդերային ինքնությունը՝ այն, թե ինչպես է անձը ընկալում իրեն․ որպես տղամարդ, կին կամ տրանսսեքսուալ։
«Գենդեր» հասկացությունը վերաբերում է այն դերերին, որոնք հասարակությունը վերագրում է մարդկանց՝ ելնելով նրանց սեռից։
Հասարակության մեջ գոյություն ունեն բազմաթիվ գենդերային կարծրատիպեր։ Օրինակ՝ այն համոզմունքը, որ որոշ աշխատանքներ պետք է կատարեն կանայք՝ պարզապես իրենց սեռի պատճառով, կամ այն տեսակետը, որ կանայք որոշումների կայացման գործընթացում պակաս կարողունակ են, քանի որ ավելի հուզական են։
Ցավոք, գենդերային կարծրատիպերը հաճախ հանգեցնում են գենդերային խտրականության, երբ որոշ իրավունքներ մերժվում են անձին՝ նրա սեռի կամ գենդերի հիմքով։ Բացի այդ, խտրականությունը կարող է դրսևորվել բազմաձև և ոչ միշտ՝ բացահայտ տեսքով։ Ուստի կարևոր է կարողանալ ճանաչել խտրականության տարբեր տեսակները։
Աշխատանքի ոլորտ
Սեռի կամ գենդերի հիմքով խտրականությունը, հատկապես կանանց նկատմամբ, հաճախ դրսևորվում է աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։ Օրինակ՝ դա կարող է առաջանալ աշխատանքի ընդունելու, առաջխաղացման կամ աշխատավարձի սահմանման փուլում։
օրինակ Կնոջ նկատմամբ սեռի հիմքով խտրականություն կլինի այն դեպքում, երբ նրան մերժեն աշխատանքի ընդունել, որովհետև գործատուն կարծում է, որ նա կարող է հղիանալ, կամ երբ նույն աշխատանքի համար տղամարդուն վճարվում է ավելի բարձր աշխատավարձ։ Տղամարդու նկատմամբ սեռի հիմքով խտրականություն կլինի այն դեպքում, երբ սոցիալական աշխատողի հաստիքին ընդունվեն միայն կանայք՝ ենթադրելով, որ նրանք ավելի համակրելի են։
Սեռական բռնությունը նույնպես խտրականության ձև է, որը կապված է աշխատավայրի հետ։ Սեռական բռնության դեպքերում տուժողը կարող է չլինել ցածր աշխատավարձ ստացած կամ առաջխաղացումից զրկված, սակայն նրան կարող է դժվար կամ անհնար լինել կատարել իր աշխատանքը՝ անհամարժեք սեռական մեկնաբանությունների կամ աշխատավայրում տիրող վարքագծի պատճառով։
օրինակ Անհարկի կամ անհարմար սեռական բնույթի կատակները կամ պատերին փակցված համապատասխան բովանդակությունը, որը ստեղծում է թշնամական միջավայր, կդիտվի որպես սեռական բռնություն։ Ղեկավարի պահանջը ենթակաների նկատմամբ՝ հանդուրժել սեռական վարքագծի դրսևորումներն աշխատանք ձեռք բերելու կամ այն պահպանելու պայմանով, նույնպես սեռական բռնություն է։
Այս ուղեցույցում կարող եք կարդալ կյանքի այն ոլորտների մասին, որտեղ խտրականության դեպքեր կարող են ամենատարածված լինել: