Մարդու իրավունքների կոմիտեն գործում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգում։ Այն միջազգային փորձագետներից կազմված մարմին է, որը վերահսկում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կիրարկումը՝ միջազգային մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերից մեկը։
Այս դաշնագիրը թվարկում և բացատրում է մարդու մի շարք իրավունքներ, օրինակ՝ կյանքի իրավունք, խոշտանգման և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելք, արդար դատաքննության իրավունք, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք և այլն, որոնք պետությունները պարտավոր են երաշխավորել իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար։ Հայաստանը պարտավորվել է հարգել և ապահովել այս իրավունքները։
Մարդու իրավունքների կոմիտեն լիազորված է քննելու ձեր բողոքը՝ կապված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ամրագրված որևէ իրավունքի խախտման հետ։ Կոմիտեի որոշումները իրավական պարտադիր ուժ չունեն, սակայն ունեն լուրջ քաղաքական նշանակություն, և պետությունները սովորաբար հաշվի են առնում դրանց հետևությունները։
Մարդու իրավունքների կոմիտեն գործում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի Կամընտիր արձանագրության հիման վրա։