Դուք կարող եք դիմում ներկայացնել Մարդու իրավունքների կոմիտե, եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են Հայաստանի (կամ ցանկացած այլ պետության, որը վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և դրա Կամընտիր արձանագրությունը) պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից։
Սակայն բողոք ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի պայմաններ։
Կոմիտեն չի քննում այն բողոքները, որոնք չեն առնչվում Դաշնագրով ամրագրված մարդու իրավունքներին։
օրինակ Մարդու իրավունքների կոմիտեն չի քննի ձեր դիմում, եթե այն վերաբերում է ձեր սեփականության իրավունքին կամ պետության հարկային քաղաքականությանը։
Կոմիտեն չի քննում մասնավոր ընկերությունների, միջազգային կազմակերպությունների կամ անձանց գործողությունները, եթե նրանք չեն ներկայացնում պետությունը։
Դուք չեք կարող բողոքել մեկ ուրիշ անձի իրավունքների խախտման մասին, եթե չունեք նրա գրավոր համաձայնությունը կամ օրինական ներկայացուցչի կարգավիճակ։ Օրինակ՝ կարող եք բողոք ներկայացնել, եթե ունեք լիազորագիր կամ իրավական հիմք՝ ներկայացնելու տվյալ անձին (օրինակ՝ անչափահասի ծնող կամ խնամակալ)։
բացառություն Դուք կարող եք բողոք ներկայացնել այն անձի անունից նաև առանց նրա գրավոր համաձայնության, եթե կարող եք ապացուցել, որ անհնար է եղել այն ստանալ (օրինակ՝ անձը մահացած է կամ անհետացել է)։
Կոմիտեն չի քննի ձեր բողոքը, եթե նախապես չեք օգտագործել Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված բողոքարկման բոլոր հնարավորությունները։
օրինակ եթե կարծում եք, որ դատավորը ձեզ հնարավորություն չի տվել ներկայացնելու ձեր փաստարկները, նախ պետք է բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան։ Եթե վերաքննիչ ատյանը չվերացնի խախտումը, միայն դրանից հետո կարող եք դիմել Մարդու իրավունքների կոմիտե։
Դիմումը՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, պետք է ուղարկվի Կոմիտե հնարավորինս շուտ։ Թեև կոնկրետ ժամկետ սահմանված չէ, սակայն եթե դիմումը ներկայացվում է ազգային վերջին որոշումից հետո հինգ տարի անց, Կոմիտեն կարող է հրաժարվել այն քննել։
Եթե խախտման հետևանքով առաջացած վնասը վերականգնվել է կամ փոխհատուցվել է ազգային դատարանների կամ պետական մարմինների կողմից, կամ եթե ձեր գործն արդեն քննվել է այլ միջազգային մարդու իրավունքների մարմնի կողմից, Մարդու իրավունքների կոմիտեն ձեր դիմումը չի ընդունի։
օրինակ եթե ձեր գործը արդեն քննվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նույն խախտման վերաբերյալ բողոքը Կոմիտեն կհամարի անընդունելի։