Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն գործում է Միավորված ազգերի կազմակերպության համակարգում։ Այն միջազգային փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացումը։
Այս դաշնագիրը թվարկում և բացատրում է մարդու մի շարք իրավունքներ, օրինակ՝ աշխատանքի իրավունք, կանանց և տղամարդկանց հավասարության իրավունք, առողջության իրավունք, կրթության իրավունք, խտրականությունից ազատ լինելու իրավունք, գործադուլի իրավունք և այլն։ Պետությունները պարտավոր են ապահովել այս իրավունքների իրականացումը իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար։
Հայաստանը վավերացրել է ինչպես Դաշնագիրը, այնպես էլ դրա Կամընտիր արձանագրությունը՝ պարտավորվելով հարգել և ապահովել այդ իրավունքները։
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն լիազորված է քննելու ձեր բողոքը՝ կապված Դաշնագրով ամրագրված որևէ իրավունքի խախտման հետ։ Կոմիտեի որոշումները իրավական պարտադիր ուժ չունեն, սակայն ունեն լուրջ քաղաքական նշանակություն, և պետությունները սովորաբար հաշվի են առնում դրանց եզրակացությունները։
Կոմիտեն գործում է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի Կամընտիր արձանագրության հիման վրա։