Ինչպես դիմել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

Կոմիտեին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում։

Դիմումի Ձև

Չի պահանջվում լրացնել հատուկ ձևաթուղթ, սակայն Կոմիտեն խրախուսում է օգտագործել իր մշակած բողոքի ձևանմուշը։

Ներբեռնել բողոքի ձևանմուշը

Լեզու

Դիմումը պետք է ներկայացնել ՄԱԿ-ի քարտուղարության աշխատանքային լեզուներից մեկով՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն։

Բովանդակություն

Դիմումում անհրաժեշտ է հստակ նշել․

  • ձեր ամբողջական անունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և կապի տվյալները,
  • այն պետությունը, որի գործողությունների հետևանքով խախտվել են ձեր իրավունքները,
  • որոնք են խախտված իրավունքները,
  • ինչպես են դրանք խախտվել (ինչ է տեղի ունեցել՝ ժամանակագրական հերթականությամբ),
  • երբ է դա տեղի ունեցել,
  • որ պետական մարմիններն կամ պաշտոնյաներն են մասնակցել այդ խախտմանը,
  • մանրամասն նկարագրել՝ որ պետական մարմիններին կամ պաշտոնյաներին եք բողոքարկել և ինչ պատասխաններ եք ստացել՝ առաջին բողոքից մինչև վերջին որոշումը,
  • դիմումը պետք է լինի ստորագրված և ամսաթվով։

Դիմումը պետք է լինի հստակ, հասկանալի և փաստերի ու իրավական հիմնավորումներով ապացուցի խախտման առկայությունը։ Փորձեք գրել միայն այն փաստերի և հանգամանքների մասին, որոնք անմիջականորեն վերաբերում են խախտմանը։ Խուսափեք հուզական կամ վիրավորական ձևակերպումներից։

Ավելի մանրամասն տեղեկատվություն՝ թե ինչ գրել դիմումում, հասանելի է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքում։

Փաստաթղթեր

Դիմումին անհրաժեշտ է կցել բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են ձեր բողոքին (հատկապես՝ ձեր ներկայացրած բողոքներն ու ստացված պատասխանները)։ Եթե դիմում եք մեկ այլ անձի անունից, պետք է կցեք լիազորագիր, որը հաստատում է ձեր իրավասությունը նրան ներկայացնելու։ Եթե փաստաթղթերը չեն գրված ՄԱԿ-ի նշված լեզուներից մեկով, պետք է կցել դրանց ամբողջական կամ համառոտ թարգմանությունը։

Ժամկետներ

Դիմումը պետք է ներկայացնել հնարավորինս շուտ՝ ներքին բոլոր բողոքարկման միջոցները սպառելուց հետո։ Ըստ Ընտրովի արձանագրության՝ բողոքը պետք է ներկայացվի մեկ տարվա ընթացքում ներքին միջոցների սպառումից հետո, եթե չեք կարողանում հիմնավորել, որ հնարավոր չի եղել դիմել ավելի վաղ։

Հասցե

Դիմումները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

petitions@ohchr.org
Թղթային տարբերակով դիմումները չեն մշակվի, եթե չեք կարող արդարացնել, որ էլեկտրոնային ուղարկումն անհնար է։ Այդ դեպքում դիմումը պետք է ուղարկել հետևյալ փոստային հասցեով՝

Petitions and Inquiries Section
Office of the High Commissioner for Human Rights
United Nations Office at Geneva
1211 Geneva 10
Switzerland

Իրավաբանական օգնություն

Կոմիտեին դիմելու կամ ձեր բողոքը ներկայացնելու համար դուք իրավունք չունեք անվճար փաստաբան ունենալ։ Ո՛չ Կոմիտեն, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունը չեն տրամադրում փաստաբան և չեն վճարում նրա ծառայությունների համար։ Եթե ցանկանում եք վարձել փաստաբան, պետք է հաշվի առնել, որ նրա ծառայությունների արժեքը պետք է վճարել ինքնուրույն։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/11/2025