Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անկախ միջազգային դատարան է, որը քննում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքները։ Դատարանը գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
Դատարանի գործունեությունը հիմնված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի վրա, որը նաև հայտնի է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա։ Այդ կոնվենցիայում և Դատարանի կանոններում կարելի է գտնել հիմնական դրույթները՝ ինչպիսի խախտումներ է քննության առնում դատարանը, ինչպես է այն գործում և ինչ կանոններ պետք է պահպանել՝ դիմում ներկայացնելիս։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական միության մարմին չէ։ Այն պատկանում է մեկ այլ միջազգային կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդին, որի կենտրոնը նույնպես գտնվում է Ստրասբուրգում։ Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է՝ պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը։
Թեև դատարանը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, այն անկախ կառույց է, որը քննում է մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ բողոքները այն պետությունների դեմ, որոնք ստորագրել և վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։