Պետությունը պետք է օգնություն տրամադրի ընտանեկան բռնությունից տուժած անձին բռնության հարաբերություններից անվտանգ դուրս գալու համար՝ ապահովոելով նաև տուժողի իրավունքների պաշտպանությունը։ Կարևոր է անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, երբ տուժողը լքում է բռնի հարաբերությունը, քանի որ բռնարարների ագրեսիան և բռնի վարքագիծը հակված են սրվել, երբ նրանք կորցնում են տուժողի նկատմամբ վերահսկողությունը:
Ընտանեկան բռնության գործերում ճանաչված է այսպես կոչվող «բաժանման հարձակում» երևույթը, օրինակ, երբ կանայք, ովքեր գտնվում են զուգընկերոջից բաժանման գործընթացում կամ վերջերս են բաժանվել, հետագա բռնության ավելի բարձր ռիսկի են ենթարկվում: Հետևաբար, բռնարարից հեռանալու գործընթացում անվտանգության ապահովումը կարևորագույն նշանակություն ունի։
Բռնի հարաբերությունից անվտանգ ելքը ենթադրում է անձնական անվտանգության պլանավորում, որը ներառում է իրավական միջոցներ և իրավական աջակցություն, ինչպես նաև հոգեբանական և սոցիալական օգնություն։
Անձնական անվտանգության ապահովման պլանը անհատականացված, գործնական պլան է, որը ներառում է անվտանգության ապահովման ուղիներ՝ թե դեռ հարաբերության մեջ մնալու, թե հեռանալու պլանավորման, և թե արդեն հեռանալու դեպքում։ Անվտանգության պլանավորումը ներառում է նաև հույզերի հաղթահարելու եղանակներ, ընկերներին և ընտանիքի անդամներին բռնության մասին տեղեկացնելու միջոցները և այլն։
Թեև անվտանգության պլանում ներառված որոշ կետեր կարող են պարզ թվալ, կարևոր է հիշել, որ ճգնաժամային իրավիճակներում զոհերը տեղեկությունները նույն ձևով չեն ընկալում, ինչպես սովորական պայմաններում։ Անվտանգության պլանը նախապես կազմելը կարող է օգնել զոհերին պաշտպանել իրենց ճգնաժամային իրավիճակներում։
Այս բաժնի մասին
Ուղեցույցի այս բաժինը ներկայացնում է ընտանեկան բռնությունից տուժած անձի անվտանգության և պաշտպանության իրավական կողմերը, ինչպես նաև բաժանման գործընթացում հասանելի հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցությունը։