Ընտանեկան բռնության զոհը կարող է դիմել դատարան եթե առկա է որևէ տեսակի ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնություն, որը տեղի է ունեցել նախկին կամ ներկա ամուսինների, կամ այլ զուգընկերային հարաբերություններ ունեցող անձանց միջև՝ բռնությունից ժամանակավոր պաշտպանություն ստանալու նպատակով՝ անկախ այն բանից, թե արդյոք բռնարարն ապրում է կամ ապրել է նույն տան մեջ տուժողի հետ:
Բռնությունից ժամանակավոր պաշտպանությունը նվազեցնում է բռնարարի վերահսկողությունը, սպառնալիքներն ու մանիպուլյացիաները և կարևոր է տուժողի համար, որպեսզի նա կարողանա դուրս գալ բռնի հարաբերությունից, իրացնել իր իրավունքները, լուծել ամուսնալուծության, երեխաների խնամակալության, ալիմենտի և այլ վեճեր, ինչպես նաև վերականգնվել բռնի հարաբերություններից։ Հոգեբանական և սոցիալական աջակցությունն ու օժանդակությունը կարող են ավելի արդյունավետ լինել, եթե տուժողի անվտանգությունը երաշխավորված է։
Ժամանակավոր պաշտպանություն և մարդու իրավունքներ
Դատարանի կողմից բռնությունից ժամանակավոր պաշտպանության որոշումը այն միջոցներից մեկն է, որը պետությունը կարող է կիրառել՝ տուժողի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ Եթե դատարանը առանց օրինական հիմքի հրաժարվում է կայացնել բռնությունից ժամանակավոր պաշտպանության որոշում, դա կարող է հանգեցնել կյանքի իրավունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանիքի կյանքի իրավունքի խախտման։
Ընտանեկան բռնությունը համարվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորում, քանի որ այն հիմնականում վերաբերում է կանանց։ Եթե պետությունը (տվյալ դեպքում՝ դատարանը) չի արձագանքում արդյունավետ և չի ապահովում ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությունը անմիջական վտանգի պարագայում՝ կապված նրանց կյանքի, ազատության կամ առողջության հետ, դա կարող է հանգեցնել խտրականության արգելքի խախտմանը՝ զուգակցված կյանքի իրավունքի և/կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանիքի կյանքի իրավունքի խախտման հետ։
Այս բաժնի մասին
Այս ուղեցույցի այս բաժինը կբացատրի, թե ինչպիսի պաշտպանություն կարող են տուժողները պահանջել դատարանից, ինչ ընթացակարգեր են իրականացվում բռնությունից ժամանակավոր պաշտպանության որոշում ստանալու համար, և ինչ պետք է անել, եթե որոշումը խախտվում է բռնարարի կողմից։