Շատ դեպքերում բռնության հարաբերություններից դուրս գալու գործընթացը ենթադրում է մի շարք հարակից քաղաքացիական վեճերի լուծում։ Դատարանի կողմից տրամադրված պաշտպանության ընթացքում տուժողը կարող է դիտարկել և դատարան ներկայացնել քաղաքացիական հայցեր՝ լուծելու ամուսնալուծության, երեխաների խնամակալության և այլ հարցերի հետ կապված վեճերը։
Այլ վեճերի տեսակներ
Հայաստանի Հանարապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործող իրավական կարգավորմամբ՝ բռնությունից ժամանակավոր պաշտպանության դիմումը կարող է կապված լինել այսպես կոչված «հիմնական հայցի» հետ, որը պետք է նշվի դիմումում, այսինքն՝ տուժողը/դիմողը՝ 1) արդեն ներկայացրել է հայց բռնարարի/պատասխանողի դեմ, կամ 2) նախատեսում է ներկայացնել հայց բռնարարի/պատասխանողի դեմ։
Բռնությունից ժամանակավոր պաշտպանության դիմումում կարող են նշվել հետևյալ «հիմնական հայցերը».
- Ամուսնալուծություն կամ ամուսնության անվավեր ճանաչում
- Անձնական իրավունքի խախտման դեպքում՝ վնասների կամ բարոյական վնասի հատուցում
- Ամուսնու կենսապահովման միջոցների (ալիմենտի) պահանջ
- Երեխայի խնամքի միջոցների (ալիմենտի) պահանջ
- Համատեղ սեփականության բաժանում կամ այն գույքի օգտագործման պայմանների հստակեցում, որտեղ կողմերը միասին են բնակվում
- Երեխայի խնամակալություն և տեսակցման իրավունքներ
Կանխարգելիչ միջոցների ազդեցությունը
Եթե հայցը ներկայացվում է, կանխարգելիչ միջոցների գործողությունը երկարացվում է՝ սովորաբար մինչև «հիմնական հայցի» վերաբերյալ դատարանի որոշումը ուժի մեջ մտնելը։ Իր որոշմամբ դատարանը կարող է նաև նշել, որ տվյալ գործով կիրառված կանխարգելիչ միջոցները շարունակում են մնալ ուժի մեջ նաև վճռի ուժի մեջ մտնելուց հետո, սակայն ոչ ավելի քան մեկ տարի։