Քրեական պատասխանատվություն և ընտանեկան բռնություն

Ընտանեկան բռնության ավելի ծանր դրսևորումները կարող են հանգեցնել բռնարարի քրեական պատասխանատվության ենթարկվելուն։

Քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ այնպիսի արարքների համար, ինչպիսիք են՝ դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը, սպանությունը, սպանության կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքը, բռնաբարությունը և այլ արարքներ։

Բռնարարներին ընտանեկան բռնության համար պատասխանատվության ենթարկելը վկայում է պետության կարողության մասին՝ ապահովելու մարդու իրավունքների իրացումը։ Պետության կողմից համապատասխան քրեական կամ վարչական վարույթ չիրականացնելը և բռնարարին դատապարտելու բացակայությունը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման։

Քրեական պատասխանատվություն և մարդու իրավունքներ

Կյանքի իրավունքը, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքը և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը

Արդյունավետ քրեական վարույթ իրականացնելը և ընտանեկան բռնության գործերով բռնարարներին քրեական պատասխանատվության ենթարկելը պետության կարևորագույն միջոցներից է՝ տուժողների իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների խախտումները կանխելու համար։ Եթե համապատասխան մարմինները չեն պաշտպանում տուժողին՝ արդյունավետ հետաքննություն վարելով, մեղադրանք առաջադրելով, դատելով և, անհրաժեշտության դեպքում, դատապարտելով բռնարարին, դա կարող է հանգեցնել կյանքի իրավունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտման։

Խտրականության արգելք

Ընտանեկան բռնությունը համարվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորում, քանի որ այն հիմնականում վերաբերում է կանանց։ Եթե պետությունը (այս դեպքում՝ համապատասխան մարմինները) արդյունավետ քրեական վարույթ չի իրականացնում և բռնարարին պատասխանատվության չի ենթարկում, դա կարող է հանգեցնել խտրականության արգելքի խախտման՝ զուգակցված կյանքի իրավունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտմամբ։

Արդար դատաքննության իրավունք

Եթե ընտանեկան բռնության զոհերը ճանաչվել են տուժողներ քրեական գործի շրջանակում, նրանք ունեն մի շարք իրավունքներ, որոնք բխում են արդար դատաքննության սկզբունքներից։ Օրինակ՝ որոշ հանգամանքներում նրանք կարող են ստանալ անվճար իրավաբանական օգնություն: Եթե պետությունը չի ապահովում այդ արդար դատաքննության երաշխիքները, և դրա հետևանքով տուժողների համար ստեղծվում է անարդար դատավարական գործընթաց, դա կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։

Այս բաժնի մասին

Ուղեցույցի այս բաժնում ներկայացվելու են այն քրեական հանցագործությունները, որոնք կարող են կատարվել ընտանեկան բռնության համատեքստում, և ինչպես կարելի է հարուցել բռնարարի պատասխանատվությունը։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 06/11/2025