Ընտանեկան բռնության ցանկացած գործողություն կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման։ Այդ իրավունքների թվում են կյանքի իրավունքը, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը և այլ իրավունքներ։
Ընտանեկան բռնության հետևանքով կարող են խախտվել մի շարք իրավունքներ:
Կյանքի իրավունք
Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, և պետությունը պարտավոր է այն արդյունավետորեն պաշտպանել։ Երբ պետական մարմինները տեղյալ են կամ պարտավոր են տեղյակ լինել, որ որևէ անձի կյանքը գտնվում է իրական և անմիջական վտանգի տակ, նրանք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ և ողջամիտ քայլերը այդ վտանգը կանխելու համար, ինչը ներառում է և՛ անհապաղ արձագանք, և՛ ամբողջական աջակցություն։ Պետությունը նաև պարտավոր է հետաքննել ոչ բնական մահվան յուրաքանչյուր դեպք և ձեռնարկել անհրաժեշտ հաշվետու միջոցներ։ Եթե անձի կյանքը վտանգվել է ընտանեկան բռնության հետևանքով, բայց համապատասխան մարմինները, օրինակ՝ ոստիկանությունը կամ դատարանները, չեն ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ, դա կարող է հանգեցնել կյանքի իրավունքի խախտման։
Անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք
Յուրաքանչյուր ոք ունի մարդկային և արժանապատիվ վերաբերմունքի իրավունք։ Սա նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես և համակարգված կերպով պաշտպանական միջոցներ ձեռնարկի անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ և հետաքննի այն բոլոր դեպքերը, երբ դրսևորվել է նման վերաբերմունք: Ակտիվ պաշտպանության կամ հետաքննության բացակայությունը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման։ Ընտանեկան բռնության դեպքերը կարող են համարվել անմարդկային կամ նվաստացուցիչ այնպիսի դեպքերում, ինչպիսիք են ֆիզիկական վատ վերաբերմունքը, սեռական բռնությունը, առևանգումը, հետապնդումը և հարձակման սպառնալիքները։
Այնուամենայնիվ, որպեսզի վերաբերմունքը համարվի անմարդկային կամ նվաստացուցիչ, տառապանքը պետք է հասնի առնվազն նվազագույն ծանրության շեմին։ Նման վերաբերմունքի գնահատման ժամանակ հաշվի են առնվում իրավիճակի տևողությունը, ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունները, զոհի տարիքը, սեռը և առողջական վիճակը։ Այս չափանիշները հաճախ գնահատվում են համակցված։
Անձնական և ընտանեկան կյանքի իրավունք
Յուրաքանչյուր ոք ունի անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունք։ Պետությունը ունի դրական պարտավորություն՝ ապահովելու անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, որպեսզի անհատները կարողանան լիարժեք օգտվել իրենց անձնական և ընտանեկան կյանքից։ Ընտանեկան բռնության գործողությունները կարող են լրջորեն խոչընդոտել խաղաղ և անհոգ ընտանեկան կյանք վարելու հնարավորությունը՝ պատճառելով շարունակական սթրես և անհանգստություն։ Եթե համապատասխան պետական մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, դա կարող է հանգեցնել անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտման։
Արդար դատաքննության իրավունք
Ընտանեկան բռնության իրավիճակները կարող են հանգեցնել նաև քրեական գործերի։ Օրինակ՝ երբ բռնություն իրականացնողը ենթարկվում է պատասխանատվության արդարադատության համակարգում։ Եթե ընտանեկան բռնության զոհերը ճանաչվել են որպես տուժողներ քրեական դատավարությունում, նրանք ունեն պաշտպանության իրավունք։ Օրինակ, որոշ դեպքերում նրանք ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Եթե պետությունը չի ապահովել տուժողների պաշտպանության իրավունքի երաշխիքները, և դա հանգեցրել է նրանց համար անարդյունավետ քննության, ապա դա կարող է համարվել պաշտպանության իրավունքի խախտում։
Նույն կերպ, ընտանեկան բռնության դեպքերը կարող են ներառել քաղաքացիական վեճերի լուծում։ Այս դեպքում նույնպես պետք է ապահովվեն ընտանեկան բռնության զոհ հանդիսացող կողմի արդար դատաքննության իրավունքները քաղաքացիական դատավարությունում։
Խտրականության արգելք
Ընտանեկան բռնությունը համարվում է հիմնականում կանանց նկատմամբ խտրականության դրսևորում, քանի որ այն համեմատաբար ավելի շատ է ազդում կանանց վրա։ Կանանց նկատմամբ բռնություն է դիտարկվում կանանց նկատմամբ գենդերային հիմքով ցանկացած բռնության դրսևորում, որը կանանց կարող է պատճառել ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական վնաս կամ տառապանք, և կարող է դրսևորվել որպես նման գործողությունների սպառնալիք, հարկադրանք կամ կամայական ազատազրկումը՝ լինի դա հասարակական, թե մասնավոր կյանքում։ Փորձը ցույց է տալիս, որ կանանց նկատմամբ բռնությունը լրջորեն խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով իրենց իրավունքներն ու ազատություններն իրականացնելու հնարավորությանը: Հասարակության մեջ լայն տարածում ունեցող կարծրատիպերը և վարքագծերը հաճախ օգտագործում են գենդերային բռնությունը որպես կանանց վերահսկելու միջոց կամ նման կարծրատիպերը «պաշտպանելու» միջոց։
Պետության կողմից ընտանեկան բռնության դեպքերին պատշաճ արձագանքի բացակայությունը, այդ թվում՝ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության կամ գործող օրենքի ոչ պատշաճ կիրառումը, որն ընտանեկան բռնության համար նպաստավոր պայմաններ է ապահովում, տնտանեկան բռնությունից տուժածների պաշտպանության միջոցների ապահովման կամ պատշաճ փոխհատուցման բացակայությունը, կարող են հանգեցնել խտրականության արգելքի խախտման՝ զուգակցված կյանքի իրավունքի, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքների խախտումների հետ։