Շատ հաճախ զուգընկերային հարաբերությունների շրջանակում ընտանեկան բռնությունը տարեցտարի դառնում է ավելի ծանր և որոշ դեպքերում կարող է հանգեցնել սպանության։
Հնարավոր ընտանեկան սպանության նշանները կամ այն ռիսկային գործոնները, որոնք կարող են մահացու վտանգը հնգապատկել ոչ մահացու բռնության համեմատ, հետևյալն են՝
- Սպանելու սպառնալիքներ
- Նախկինում խեղդամահ անելու փորձեր
- Հարկադիր սեռական հարաբերություն
- Ֆիզիկական բռնության աճող սրություն ժամանակի ընթացքում
- Զուգընկերոջ կողմից զոհի առօրյա գործերի նկատմամբ վերահսկողություն
Եթե բռնարարն օգտագործում է վերը նշված գործողություններից մեկը կամ մի քանիսը, ընտանեկան սպանության վտանգն աճում է։ Սակայն ընտանեկան բռնության դեպքերում սպանության վտանգը մնում է նույնիսկ այն դեպքում, եթե բռնարարն առայժմ չի կիրառել նշված գործողություններից որևէ մեկը։
Ընտանեկան բռնության դեպքերում ճանաչվել է «բաժանման հարձակում» (separation assault) կոչվող երևույթը, այսինքն՝ այն կանայք, ովքեր բաժանման գործընթացում են կամ վերջերս բաժանվել են իրենց զուգընկերոջից, ունեն ապագայում բռնության ենթարկվելու շատ ավելի բարձր ռիսկ։ Ծանր և մահացու ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը կատարվում է այն ժամանակ, երբ կինը փորձում է լքել բռնարար հարաբերությունը, հատկապես՝ դուրս գալուց հետո առաջին երեք ամիսների ընթացքում։ Բաժանման հարձակումը կապված է ընտանեկան բռնության բնույթին հատուկ իշխանության և վերահսկողության հետ․ երբ զոհը փորձում է լքել կամ արդեն լքել է բռնարար հարաբերությունը, բռնարարն զգում է, որ կորցնում է իր հաստատված գերակայությունը զոհի նկատմամբ։ Այդ պատճառով նա օգտագործում է ավելի ծանր ֆիզիկական բռնություն՝ իշխանությունն ու վերահսկողությունը վերականգնելու համար, ինչը կարող է հանգեցնել ծանր վնասվածքների կամ ընտանեկան սպանության։
Ուստի, ընտանեկան բռնության զոհի կյանքի և առողջության իրավունքը պաշտպանելու համար անհրաժեշտ է պետության կողմից երաշխավորված պաշտպանության միջոցներ կիրառել ընտանեկան բռնության դեմ՝ օգնելու զոհերին անվտանգ դուրս գալ չարաշահող հարաբերությունից։