Ոստիկանությունը լիազորված է արձագանքելու, համապատասխան գնահատական տալու ու որոշում կայացնելու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ, եթե վտանգված են անձի անվտանգությունը, առողջությունը կամ կյանքը։ Ոստիկանությունը ընտանեկան բռնության դեպքերում իրավունք ունի կայացնել առանձնացման (կամ պաշտպանության) որոշում և ապահովել զոհերի անվտանգությունը՝ կանխելով բռնարարի կողմից հետագա հարձակումները։
Կարևոր է հասկանալ, որ ընտանեկան և կենցաղային բռնությունը պարզապես «ընտանեկան վեճ» կամ «կռիվ» չէ, այլ մարդու անվտանգության և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության լուրջ խախտում։ Ընտանեկան և կենցաղային բռնության զոհերը չեն կորցնում այդ իրավունքները՝ իրենց զուգընկերների կամ ամուսինների հետ հարաբերություններ սկսելով։ Ուստի, պետությունը պարտավոր է պաշտպանել ընտանեկան բռնության զոհերին և վերաբերվել ընտանեկան բռնությանը որպես հանցագործության։
Ոստիկանությունն ունի օրինական պարտականություն արձագանքելու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին։ Եթե դուք ընտանեկան կամ կենցաղային բռնության զոհ եք և վտանգված են ձեր անվտանգությունը, առողջությունը կամ կյանքը, իրավունք ունեք ձեր պաշտպանության համար զանգահարելու ոստիկանություն (1-02 կամ 114)։ Իրականում, ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանությունն ամենահաճախ առաջինն է արձագանքում։
Ով կարող է զանգահարել ոստիկանություն
Կարող են լինել իրավիճակներ, երբ ընտանեկան բռնության ժամանակ զոհը հնարավորություն չունի զանգահարելու ոստիկանություն։ Շատ զոհեր նշում են, որ հենց փորձում են զանգահարել, բռնարարն անմիջապես վերցնում է հեռախոսը, կամ նրանք վախենում են ոստիկանություն դիմելուց՝ բռնարարի սպառնալիքների պատճառով։
կարևոր է Զանգն ու հաղորդումը կարող են իրականացվել նաև ֆիզիկական բռնությունից հետո, երբ զոհն արդեն հնարավորություն ունի օգնություն խնդրելու։
կարևոր է Երեխան, որը ականատես է ընտանեկան բռնությանը, համարվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ (տուժող)։
Ոստիկանություն զանգահարողը պարտադիր չէ, որ լինի հենց տուժողը։ Զանգը կարող է կատարել նաև բռնությանը ականատես եղած ցանկացած անձ, օրինակ՝ հարևան, որը լսել է բռնությունը, կամ երեխան, որը ականատես է բռնությանը և, հետևաբար, ինքն էլ համարվում է տուժող։ Դեպքեր կան, երբ տուժողը չի կարողանում անմիջապես զանգահարել 102 կամ 114, բայց կարող է հաղորդագրություն ուղարկել ընկերոջը կամ այլ ընտանիքի անդամին, որը հետո կարող է զանգահարել ոստիկանություն և հաղորդել բռնության մասին, ինչին ոստիկանությունը պարտավոր է արձագանքել։
Երեխան նույնպես իրավունք ունի զանգահարելու, եթե ինքը ֆիզիկական, սեռական կամ այլ բռնության անմիջական զոհ է։ Նման զանգի՝ 102 կամ 114, իրականացման համար չի պահանջվում երեխայի օրինական ներկայացուցչի պարտադիր ներկայություն, և ոստիկանությունը պետք է արձագանքի այդ զանգին։
Ոստիկանության պարտավորությունները
Զանգից հետո ոստիկանությունը պարտավոր է անմիջապես:
Ոստիկանությունը իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները և կայացնել հետևյալ որոշումները․
- Իրականացնում է հետաքննություն՝ պարզելու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հանգամանքները, ճանաչելու բռնության ենթարկված անձին և ենթադրյալ բռնարարին։
- Գնահատում է իրավիճակը, զոհի կյանքի և առողջության սպառնալիքի հավանականությունը և բռնության կրկնության ռիսկը։
- Հավաքում է փաստեր և կազմում անհրաժեշտ փաստաթղթեր՝ հանցագործության ապացույցները բացահայտելու, ինչպես նաև բռնության դեպքերը կանխելու համար։
- Փոխանցում է այն տեղեկատվությունը, որը պարունակում է ենթադրյալ հանցագործության տարրեր, ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական գործ հարուցելու համար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։
- Տեղեկացնում է բռնության ենթարկված անձին՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների մասին։
Իրավունքների ինչպիսի խախտումները կարող են լինել
Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ոստիկաններն են համապատասխան պատրաստվածություն անցել ընտանեկան բռնության դեպքերում գործելու վերաբերյալ, զոհի անվտանգությունը ապահովելու պարտականությունը չկատարելու դեպքում առկա է մարդու իրավունքների խախտման ռիսկ։ Օրինակ՝ ոստիկանության կողմից հիմնական բռնարարին և զոհին չտարբերակելը և առանձնացման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել նրան, որ պաշտպանվի ոչ թե զոհը, այլ բռնարարը, ով կարող է շարունակել բռնության իրականացումը:
Պետությունը պարտավոր է իրականացնել պատշաճ քննություն՝ ազգային օրենսդրության համաձայն՝ կանխելու, հետաքննելու և պատժելու բռնության դեպքերը՝ անկախ նրանից, դրանք կատարում են պետական պաշտոնյաներ, թե մասնավոր անձինք։ Ոստիկանության ոչ պատշաճ արձագանքը կարող է համարվել պետության՝ զոհերի անվտանգությունն ապահովելու պարտականության խախտում։
Կյանքի իրավունք, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունք
Ոստիկանության կիրառած գործառնական միջոցները զոհի և նրա երեխաների պաշտպանության համար միջոց են, որով պետությունը պետք է ապահովի տուժողի իրավունքների իրականացումը։ Ոստիկանության ոչ պատշաճ արձագանքը կարող է հանգեցնել կյանքի իրավունքի, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտման։
Խտրականության արգելք
Ընտանեկան բռնությունը համարվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորում, քանի որ այն հիմնականում ազդում է կանանց վրա։ Եթե պետությունը (այս դեպքում՝ ոստիկանությունը) չի արձագանքում և տուժողների համար պաշտպանություն չի ապահովում նրանց կյանքի, ազատության կամ առողջության համար անմիջական սպառնալիքի դեպքերում, դա կարող է հանգեցնել խտրականության արգելքի խախտմանը՝ զուգակցված կյանքի իրավունքի և/կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտման հետ։