Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է պետական ֆինանսավորմամբ հոգեբանական և իրավական խորհրդատվություն, ինչպես նաև սոցիալական աջակցություն ընտանեկան բռնության զոհերին։ Որոշ աջակցություն տրամադրում են նաև համայնքային և հասարակական կազմակերպությունները։

Ընտանեկան և կենցաղային բռնության զոհերն իրավունք ունեն ստանալու պետական ֆինանսավորմամբ սոցիալական աջակցության ծառայություններ, ինչպիսիք են սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցությունը՝ բռնության հարաբերություններից նրանց անվտանգ ելքն ապահովելու նպատակով: 

Պետությունը, ընտանեկան բռնությունից տուժածների համար ապահովելով և ֆինանսավորելով սոցիալական աջակցության ծառայություններ, ճանաչում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության զոհերը կարիք ունեն և իրավունք ունեն սոցիալական և հոգեբանական աջակցության՝ ընտանեկան բռնության հարաբերությունից դուրս գալու համար։ Բացի այդ, իրավական օգնությունը կարևոր է բռնության դեմ ժամանակավոր պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ դիմում պատրաստելու և ներկայացնելու, տուժեղներին քրեական վարույթներում աջակցելու, ինչպես նաև ամուսնալուծության, երեխաներին վերաբերող վեճերի և ամուսնական գույքի բաժանման հարցերում նրանց օգնելու համար։

Ի՞նչ տեսակի աջակցություն կարող է ստանալ զոհը

Սոցիալական վերականգնման ծառայությունները կարող են տրամադրվել հետևյալ տարբերակներով․

  • Սոցիալական վերականգնում՝ ապահովելով նաև կացարանով, եթե տվյալ անձը քրեական կամ վարչական վարույթներում ճանաչվել է բռնության զոհ։
  • Անհատական խորհրդատվություններ առանց կացարանի՝ սոցիալական աշխատողի, հոգեբանի և/կամ իրավաբանի հետ: 

Ընտանեկան և կենցաղային բռնության զոհերը կարող են ստանալ նաև խորհրդատվություն, տեղեկատվություն քրեական վարույթների վերաբերյալ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն՝ զանգահարելով ընտանեկան բռնությունից տուժածների աջակցության համար 114 Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:  Նրանք կարող են զանգահարել աջակցության ծառայությանը նաև այն դեպքում, երբ դեռ պատրաստ չեն դիմելու ոստիկանություն, սակայն ցանկանում են ստանալ տեղեկատվություն և աջակցություն։

Ինչպես ստանալ աջակցություն

Սոցիալական վերականգնման ծառայություն ստանալու համար ընտանեկան բռնությունից տուժած անձը պետք է դիմի իր բնակության վայրի համայնքային սոցիալական ծառայությանը կամ նման հարցերով զբաղվող Հասարակական Կազմակերպությանը: Ընտանեկան բռնությունից տուժած անձն իրավունք ունի ընտրել սոցիալական ծառայության մատուցողին։ Ընտանեկան բռնությունից տուժած անձը պարտավոր չէ հաղորդում ներկայացնել կամ մասնակցել քրեական վարույթին՝ պետական ֆինանսավորմամբ սոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու համար։

Որ մարդու իրավունքների խախտումները կարող են լինել

Ընտանեկան բռնությունից տուժածներին պետության կողմից տրմադրվող օգնությունը և սոցիալական աջակցությունը պետք է գնահատվի համապատասխան չափանիշի հիման վրա։ Պետական կամ համայնքային կազմակերպությունների կողմից առանց համապատասխան օրինական հիմքի ֆինանսավորվող օգնության մերժումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման։

Կյանքի իրավունք, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունք

Պետության կողմից ընտանեկան բռնությունից տուժածներին օգնություն և սոցիալական աջակցության չտրամադրելը որոշ դեպքերում կարող է հանգեցնել կյանքի իրավունքի, դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտման։

Խտրականության արգելք

Ընտանեկան բռնությունը համարվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորում, քանի որ այն հիմնականում ազդում է կանանց վրա։ Եթե պետությունը (այս դեպքում՝ համապատասխան իշխանությունները) չի արձագանքում և կյանքի, ազատության կամ առողջության նկատմամբ անմիջական սպառնալիքի դեպքերում չեն ապահովում համապատասխան օգնությունն ու սոցիալական աջակցությունը, ապա դա կարող է հանգեցնել խտրականության արգելքի խախտմանը՝ զուգակցված կյանքի իրավունքի և/կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտման հետ։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 13/11/2025